Կառավարության որոշմամբ՝ Վանաձորի Թատերական հրապարակ 1/1 հասցեում գտնվող նախկին Սպայակազմի տան շենքը և նրան կից հողատարածքը անվճար հիմունքներով փոխանցվել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին։
Ծրագրի իրականացման համար Սիմոնյանների ընտանիքի հիմնադրամը առաջիկա երեք տարիների ընթացքում կտրամադրի մոտ 1․8 միլիարդ դրամ։ Թումոյի զարգացման տնօրեն Պեգոր Պափազյանը նշել է, որ երկար որոնումներից հետո հաջողվել է գտնել Վանաձորի կենտրոնի ֆինանսավորումը։

Շենքը կվերականգնվի՝ հնարավորինս պահպանելով իր պատմական ճարտարապետությունը։ Վերակառուցումից հետո այստեղ կգործի Լոռու մարզի տարածաշրջանային Թումո կենտրոնը, որը մոտ 6000 դեռահասի հնարավորություն կտա անվճար սովորել 14 ուղղությամբ՝ այդ թվում՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, անիմացիա, դիզայն, 3D մոդելավորում և խաղերի ստեղծում։
Նոր կենտրոնը նպատակ ունի զարգացնել մարզերի երիտասարդների ստեղծարար ու տեխնոլոգիական հմտությունները՝ ապահովելով հավասար կրթական հնարավորություններ մայրաքաղաքից դուրս։
Կարդացե՛ք նաև
 
                                    