Դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչը՝ «Խելացի քաղաք» խորագրով: Հանրապետության բոլոր մարզերից 180 թիմերից եզրափակչում մրցեցին 46-ը:
Մրցույթի ընթացքում երեխաների նախագծած ռոբոտների առաջ դրված էին տարաբնույթ խնդիրներ. արձագանքել գազի արտահոսքին, մարել բռնկված հրդեհը, դատարկել աղբարկղը, նկատել ճանապարհն անցնող անցորդին, կանգնել կամ շարժվել՝ կախված լուսացույցի գույնից և այլն։
10-13 տարեկան տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «Աժդահակ» թիմը (մրցանակ՝ 250,000 դրամ), 2-րդ տեղը՝ Այգուտի միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 350,000 դրամ)։ Հաղթող ճանաչվեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը (մրցանակ` 450,000 դրամ)։
14-17 տարեկան տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Էջմիածնի «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի թիմը (մրցանակ` 350,000 դրամ), 2-րդ տեղը՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 450,000 դրամ)։ Հաղթեց Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 550,000 դրամ), որը ստացավ «ԱրմՌոբոտիքս» առաջնության փոխանցիկ գավաթը։
Մրցույթին ներկա էին ԱՏՁՄ վարչության անդամները, Հնդկաստանի և Ռումինիայի դեսպանները, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ԱՏՁՄ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։