Հայաստանի հեռահաղորդակցության շուկան շարունակում է իր աշխույժ զարգացումը՝ ցուցաբերելով հետաքրքիր դինամիկա: 2024 թվականի երկրորդ եռամսյակի տվյալները բացահայտում են մի շարք հետաքրքիր միտումներ: Երեք առաջատար օպերատորները՝ Viva-ն, Team Telecom Armenia-ն և Ucom-ը, գրանցել են բաժանորդների քանակի աճ, սակայն տարբեր տեմպերով և արդյունքներով, որոնց կծանոթանանք ստորև:
Բաժանորդների թիվը
Հեռահաղորդակցության շուկայի առաջատար ընկերությունները շարունակում են ընդլայնվել: Բոլոր երեք հիմնական օպերատորները 2024 թվականի երկրորդ եռամսյակում գրանցել են բաժանորդների քանակի աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հեռահաղորդակցության շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում Viva-ն՝ 2 մլն 327 հազար 684 բաժանորդով՝ 1.09% (25 հազար 131 բաժանորդ) ավելի քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Viva-ն շարունակում է գերազանցել Team Telecom Armenia-ին 2.2 անգամ և Ucom-ին 3.4 անգամ:
Team Telecom Armenia-ն գրանցել է 8.9% աճ (85 հազար 553 բաժանորդ), հասնելով 1 մլն 51 հազար 679 բաժանորդի 2024-ի 2-րդ եռամսյակում: Ucom-ը գրանցել է 0.7% տարեկան աճ (5 հազար 339 բաժանորդ)՝ հասնելով 681 հազար 138 բաժանորդի:
2022-ի 2-րդ եռամսյակի համեմատ բոլոր 3 ընկեությունները գրանցել են աճ. Viva-ի բաժանորդների թիվն աճել է 3.1%-ով (70 հազար 442), Team Telecom Armenia-ինը՝ 12.7%-ով (118 հազար 834), իսկ Ucom-ինը՝ 10.8%-ով (66 հազար 208):
Ընդhանուր բաժանորդների թիվը 2024-ի երկրորդ եռամսյակում կազմում է 4 մլն 60 հազ 501, ինչը գերազանցում է երկրի բնակչության թվաքանակը, 34,3%-ով, ինչը նշանակում է, որ բաժանորդների մի մասն օգտվում է շարժական կապի մի քանի բաժանորդագրությունից։
Եռամսյակի շահույթը հեռահաղորդակցության շուկայում
Viva-ն 2022-ի երկրորդ եռամսյակի բացասական արդյունքներից հետո գրանցել է շահույթի դրական և բավականին բարձր մակարդակ 2023-ի և 2024-ի երկրորդ եռամսյակներում: 2024-ի երկրորդ եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 3 մլրդ 957 մլն 977 հազար դրամ, ինչը 39.5%-ով ավել է 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Team Telecom Armenia-ն գրանցել է շահույթի ավելի փոփոխական դինամիկա: 2024-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը գրանցել է 618 մլն 458 հազար դրամի շահույթ՝ 68.7%-ով ավելի շատ քան 2023-ին։ Ընկերության շահույթը սակայն 2022-ի առաջին եռամսյակի համեմատ 2023-ին նվազել էր 48.3%-ով, իսկ 2024-ին նախկին՝ 2022-ին գրանցված մակարդակը չի վերականգնվել:
Ucom ընկերությունում 2023-ին նկատվել է շահույթի բացասական մակարդակ՝ 2022-ի 4 մլրդ-ը գերազանցող շահույթից հետո: 2024-ին ընկերությունը որոշակի չափով մեղմել է իրավիճակը՝ նվազեցնելով շահույթի բացասական մակարդակը՝ հասցնելով վնասի չափը 194 մլն 921 հազարի:
Շուկայի ֆինանսական պատկերը բազմազան է: Ընդհանուր առմամբ, շուկան ցուցաբերում է բարձր մրցակցություն, ինչը կարող է նպաստել ծառայությունների որակի բարելավմանը և նորարարությունների ներդրմանը:
Viva-ն պահպանում է իր առաջատար դիրքը շուկայում՝ զգալիորեն գերազանցելով մրցակիցներին բաժանորդների քանակով: Ընկերությունը գրանցել է ինչպես բաժանորդների թվի, այնպես էլ շահույթի աճ՝ ցուցաբերելով կայուն զարգացում:
Team Telecom Armenia-ն ցուցաբերել է ամենամեծ տոկոսային աճը բաժանորդների քանակի առումով: Ընկերության ֆինանսական ցուցանիշները նույնպես դրական են՝ գրանցելով շահույթի զգալի աճ նախորդ տարվա համեմատ: Սակայն ընկերությունը դեռ չի հասել նախկինում գրանցված շահույթի մակարդակին:
Ucom-ը, չնայած բաժանորդների քանակի համեստ աճին, դեռևս ֆինանսական դժվարություններ է հաղթահարում: Ընկերությունը կարողացել է մեղմել նախորդ տարվա բացասական արդյունքները, սակայն դեռ շահույթ չի գրանցել: Այնուամենայնիվ, նկատվում է դրական դինամիկա վնասների կրճատման առումով:
Կարդացեք նաև՝