Starbucks-ը կարող է մուտք գործել հայկական շուկա

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին։ Քննարկման հիմնական թեման եղել է Starbucks-ի՝ Հայաստանի շուկա մուտք գործելու հնարավորությունը։

Հյուրերը ներկայացրել են Starbucks-ի գործունեությունն ու առաքելությունը՝ նշելով, որ համաշխարհային սուրճի խոշորագույն ցանցը ներկայումս գործում է շուրջ 86 երկրում, ունի ավելի քան 40 հազար սրճարան և հետաքրքրված է ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի սրճարանային ոլորտի զարգացման հնարավորությունները, սուրճի սպառման շուկայի առանձնահատկությունները, ենթակառուցվածքների կատարելագործման ուղիներն ու աճի միտումները։

«Բարձրորակ միջազգային ներդրումների ներգրավումը Հայաստանի համար առաջնահերթություն է, և մենք Ձեր այցելությունն արժևորում ենք որպես խոստումնալից քայլ այդ ուղղությամբ։ Հայաստանը առաջարկում է կայուն, բաց և բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ և բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաև դինամիկ զարգացող և մրցունակ սպառողական շուկայի վրա», — նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը հայտնել է պատրաստակամություն աջակցել ընկերությանը՝ ընդգծելով, որ Starbucks-ի ներկայությունը Հայաստանում կնպաստի նաև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը և շուկայի բազմազանեցմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և «Enterprise Armenia»-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները