Սուբսիդավորված վարկեր. նոր հնարավորություններ բիզնեսի համար

Վերջին լուրերը
Սուբսիդավորված վարկեր. նոր հնարավորություններ բիզնեսի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ի՞նչ է առաջարկում ծրագիրը

Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված սուբսիդավորման ծրագիրն առաջարկում է նոր հնարավորություն հայաստանյան բիզնեսներին՝ ստանալու մատչելի ֆինանսավորում սարքավորումների ձեռքբերման և թվայնացման նախագծերի իրականացման համար։ Ծրագրի շրջանակներում բիզնեսները կարող են ստանալ 0-4% տոկոսադրույքով վարկեր կամ լիզինգ՝ ՀՀ բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով։

Ո՞վ կարող է օգտվել

Ծրագրից կարող են օգտվել տարբեր ոլորտների ընկերություններ, ներառյալ՝ հանքագործական արդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը, էներգետիկան, շինարարությունը, տրանսպորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, առողջապահությունը։ 

Ինչի՞ համար կարելի է օգտագործել ֆինանսավորումը

Ֆինանսավորումը կարող է օգտագործվել սարքավորումների ձեռքբերման, դրանց տեղադրման, սպասարկման, բիզնես գործընթացների թվայնացման, ISO ստանդարտների ներդրման և արտադրողականության բարձրացման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

Գրավի պայմանները

Լիզինգային գործարքների դեպքում ձեռք բերվող սարքավորումն ինքնին հանդիսանում է գրավ, ինչը զգալիորեն պարզեցնում է ֆինանսավորման գործընթացը։

Հատուկ պայմաններ արտահանողների համար

Հատուկ պայմաններ են նախատեսված արտահանող ընկերությունների համար։ Եթե խորհրդատվական ծառայությունների արդյունքում ընկերության արտահանումը 20%-ով աճում է դեպի որևէ երկիր (բացառությամբ Ռուսաստանի և ԱՄԷ-ի), և ընկերությունն ունի ISO 9001 կամ ISO 27001 սերտիֆիկացում, պետությունը կվճարի վարկի մայր գումարի մնացորդի 50%-ը։

Խորհրդատուներին ներկայացվող պահանջները

Խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունը, որին դիմելու է բիզնեսը, պետք է կա՛մ նախկինում առնվազն 50 մլն դրամի խորհրդատվություն տրամադրած լինի առաջատար միջազգային ընկերություններին, կա՛մ ունենա 1 մլրդ դրամը գերազանցող տարեկան շրջանառություն։

Ինչպե՞ս դիմել 

Ծրագրից օգտվելու համար գործարարները կարող են դիմել ՀՀ ցանկացած բանկ կամ ունիվերսալ վարկային կազմակերպություն: Ֆինանսական հաստատությունները կուսումնասիրեն դիմումը և կառաջարկեն լավագույն լուծումը՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները և հնարավորությունները:

Խնդիրը քարտեզագրվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն֊մասնավոր երկխոսության հարթակում։ Բարեփոխման փաթեթը մշակվել է IC Armenia-ի փորձագիտական թիմի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նաև ստորև տեղադրված տեսանյութից։

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները