Հայկական ստարտափներում օտարերկրյա ներդրումների խթանման համար Հայաստանում շուտով կարող են կիրառվել միջազգայնորեն ընդունված SAFE պայմանագրերը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության նիստում և կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
ԱՄՆ-ում մշակված SAFE (Simple Agreement for Future Equity` ապագա բաժնետոմսերի մասին պարզ համաձայնագիր) պայմանագրերը վերջին տարիներին սկսել են ավելի լայնորեն կիրառվել ամբողջ աշխարհում։ Դրանք նախատեսում են, որ ստարտափում վաղ փուլերում (pre-seed և seed) կատարվող ներդրումները ավտոմատ կերպով վերածվում են բաժնետոմսերի, երբ նախագիծը հասնում է զարգացման որոշակի աստիճանի, ներգրավում է ավելի մեծ ներդրում և գրանցվում է որպես ձեռնարկություն:
Բայց Հայաստանի իրավական դաշտում նման տիպի պայմանագիր դեռ չի արձանագրվել, ուստի, թեև այդպիսի պայմանագրեր կնքվում են, դրանք իրավական պաշտպանություն չունեն։ Այդ պատճառով նման ներդրումներ իրականացնում են սահմանափակ թվով ներդրողներ, որոնք ծանոթ են Հայաստանի ՏՏ էկոհամակարգին։
SAFE պայմանագրերով բաժնեմասեր ձեռք բերած ներդրողները, ի տարբերություն սովորական բաժնետերերի, չեն մասնակցում ընկերության կառավարմանը և շահույթի բաշխմանը: Մյուս կողմից, ընկերության սնանկացման պարագայում այս ներդրողները ձեռք են բերում իրենց ներդրած միջոցների առաջնային կարգով հետ ստացման հնարավորություն:
SAFE պայմանագրերի և վենչուրային ներդրումների վերաբերյալ ավելի շատ մանրամասների կարող եք ծանոթանալ How2B-ի FinCast պոդքաստում: