Հովիկ և Անի Սաֆոյանների հիմնադրած SADA ընկերությունը այսօր պաշտոնապես ճանաչվել է Google Cloud-ի CCAI-ի՝ կոնտակտ կենտրոնի արհեստական բանականության հարթակի մատակարար։
Հարթակն արհեստական բանականության շնորհիվ թույլ է տալիս նվազեցնել ծախսերը և խնայել գործընկեր կազմակերպության հաճախորդների սպասարկման մասնագետների ժամանակը։
Որպես մատակարար գործընկեր՝ SADA-ն ամբողջ աշխարհում կառաջարկի և կտեղադրի Google Cloud-ի կորպորատիվ մակարդակի, արհեստական բանականությամբ աշխատող ամպային կոնտակտային կենտրոնի լուծումներ: Google Cloud-ի AI կոնտակտային կենտրոնի լուծումներն ապահովում են միասնական և գրագետ տեխնոլոգիական մոտեցումներ, նշվում է SADA-ի հաղորդագրության մեջ։
«Որպես Google Cloud-ի հինգ տարվա գործընկեր՝ հպարտ ենք մեր հաճախորդներին տրամադրելու Google Cloud-ի իրագործման լավագույն փորձը։ Ես ուրախ եմ օգնել մեր հաճախորդներին՝ բարելավելու գործառնական արդյունավետությունը, ներդնելով Google Cloud-ի վրա հիմնված արդիական կոնտակտային կենտրոնի հարթակը»,– ասել է SADA-ի նոր լուծումների գծով տնօրեն Չադ Ջոնսոնը։
Հիշեցնենք, որ Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն Հայաստանում գրասենյակ է բացել անցած տարի՝ SADA GDC in Armenia-ն։ Ընկերությունը գրասենյակներ ունի նաև Կանադայում, Իռլանդիայում, իսկ վերջերս Հնդկաստանում ձեռք է բերել ByteWave Digital-ը, որը ներկայում կոչվում է SADA – Հնդկաստան:
5 տարի անընդմեջ Google Cloud-ի Տարվա գործընկեր ճանաչված SADA-ն բազմաթիվ այլ նվաճումներ է գրանցել. 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։