Հայաստանում հաստատված մի շարք ռուսական առաջատար ՏՏ ընկերություններ 2024թ. կարող են տեղափոխվել այլ երկրներ՝ ՏՏ հարկային արտոնությունների կրճատման պատճառով: Նման մտավախություն հայտնում են Krisp ընկերության համահիմնադիրներ Արտավազդ Մինասյանն ու Դավիթ Բաղդասարյանը, և Podcastle ընկերության հիմնադիր Արտավազդ Երիցյանը՝ իրենց կողմից նախաձեռնված BigStory Podcast-ի 5-րդ էպիզոդում:
Դավիթ Բաղդասարյանի կարծիքով՝ ռուսական ՏՏ ընկերությունները «երնքից նվեր» են Հայաստանի համար՝ իրենց ներուժով, իրենց գիտնականներով ու ծրագրավորողներով: Նրանք ոչ միայն Հայաստանում ՀՆԱ են ստեղծում, այլև նպաստում ոլորտի զարգացմանը, բայց հիմա այդ ընկերությունները կարող են տեղափոխվել այլ երկրներ՝ Վրաստան, Սերբիա, Պորտուգալիա և այլն:
Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին խոսում է նաև ոլորտի վիճակագրությունը. 2019թ. ոլորտում աշխատել է 11000 մարդ, իսկ 2023թ. հունվարին այդ թիվը հասել է 30000-ի: Ավելի էական աճ է գրանցվել հարկային մուտքերի մասով՝ 2019թ. 6,6 մլրդ դրամից հասնելով շուրջ 30 մլրդ դրամի:
«Դրա հետ մեկտեղ անուղղակի ազդեցություն ևս կա՝ տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտը»,-նշում է Արտավազդ Մինասյանը: «Աշխատելով այստեղ, այդ մարդկանցից յուրաքանչյուրը 8 լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում՝ ռեստորաններում, սպասարկման ոլորտում և այլն: Դա հաստատում են նաև Կառավարության ներկայացուցիչները՝ հիմնվելով որոշ հետազոտությունների վրա»:
2024թ. վերջին կարող ենք տեսնել, որ այդ 30 հազար աշխատակիցներից մնացել են ընդամենը 15 հազարը, կամ դա էլ չի մնացել:
Արտավազդ Մինասյան
«Yandex-ի, Miro-ի ու նմանատիպ այլ ընկերությունների շնորհիվ տասնյակ հազարավոր խելացի ու փորձառու մարդիկ են եկել Հայաստան, որոնք մեզ հնարավորություն կտային մեկ այլ մակարդակ բարձրանալ: Բայց, փաստացի, հիմա այդ ընկերությունները պատրաստվում են տեղափոխվել ուրիշ երկրներ: Հիմնական պատճառն այն է, որ [ՏՏ ոլորտում Հայաստանի] հարկային քաղաքականությունը ուրիշ երկրներին պարտվում է: Թվերով ասեմ՝ եկամտային հարկը Հայաստանում 20% է, Վրաստանում՝ 5%, բայց դա շատ մեծ տարբերություն է, որը որոշիչ է դառնում շատ ընկերությունների, հատկապես ստարտափների համար»,-նշում է Մինասյանը: Ըստ նրա՝ թեև այս ընկերությունների ներկայացուցիչները շատ են սիրում Հայաստանը և հարմարվել են այստեղ, բայց միևնույն է, եթե հարկային քաղաքականությունը չփոխվի, նրանց աշխատակիցները կարող են հեռանալ: Եվ սա վերաբերում է ոչ միայն ռուսական ընկերություններին, այլ նաև շատ ամերիկյան ընկերությունների, որոնք իրենց մասնաճյուղերը տեղափոխել են Հայաստան, օրինակ՝ NVIDIA-ն:
«Փորձում ենք Կառավարության հետ ակտիվ աշխատել ու օրենք մշակել: Բայց գործընթացը դանդաղ է, ու 2024թ. վերջին կարող ենք տեսնել, որ այդ 30 հազար աշխատակիցներից մնացել են ընդամենը 15 հազարը, կամ դա էլ չի մնացել»,-ասում է Մինասյանը:
Արտավազդ Երիցյանը գտնում է, որ տվյալ դեպքում Կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի երկարաժամկետ օգուտների վրա, այլ ոչ թե մտածի կարճաժամկետում բյուջետային մուտքերի կրճատման վրա: «Հաջորդ 5 տարվա մեջ այդ 5% եկամտային հարկը կարող է ավելի շատ գումար բերել բյուջե, քան այն 15-ը. մարդիկ ավելի շատ աշխատակիցներ կբերեն, բիզնեսներն ավելի մրցակցային կդառնան ու ավելի արագ կզարգանան, և այլն»,-նշում է Երիցյանը:
Չեն անում [հարկային բարեփոխումներ], երևի, հիմնավորումն այն է, որ ուրիշ ասպարեզներում աշխատող մարդկանց մոտ դժգոհություն է առաջանալու, ՏՏ-ն սկսելու են անիծել:
Դավիթ Բաղդասարյան
Դավիթ Բաղդասարյանի կարծիքով՝ Կառավարության կողմից ՏՏ աջակցությանն ուղղված հարկային բարեփոխումների դանդաղումը կապված է հնարավոր հանրային դժգոհության հետ: «Չեն անում, երևի, հիմնավորումն այն է, որ ուրիշ ասպարեզներում աշխատող մարդկանց մոտ դժգոհություն է առաջանալու, ՏՏ-ն սկսելու են անիծել: Հերիք չի՝ բարձր աշխատավարձեր են ստանում, մի հատ էլ հարկերն են իջեցնում: Դա ստեղծելու է ճնշում, դա լինելու է ոչ պոպուլիստական քայլ, որը բնականաբար, միշտ դժվար է անել, կամք է անհրաժեշտ»,-համարում է Բաղդասարյանը:
Արտավազդ Մինասյանը խնդրի մեկ այլ պատճառ է տեսնում՝ ՀՀ Կառավարության՝ որպես համակարգ դանդաղ լինելը: «Շատ բան միշտ կախված է եղել Կառավարության ղեկավարի միանձնյա որոշումից, որը, պարզ է, որ դանդաղեցնում է որոշման կայացումը: Պատկերացրե՛ք, մեր ընկերությունները, որ 10000 անգամ փոքր օրգանիզմներ են, բոլոր որոշումները կախված լինեին մեզանից, ինչպե՞ս էր աշխատելու այդ մեխանիզմը: Չէր աշխատելու: Ինձ թվում՝ այդ համակարգն ուղղակի «կախում է»»,-նշում է Մինասյանը:
Քննարկման հատվածը ամբողջությամբ կարող եք դիտել BigStory Podcast-ում` 25:49 րոպեից սկսած:
Կարդացե՛ք նաև
- ՏՏ ընկերությունները զրկվեցին արտոնություններից մեկից. ի՞նչ է փոխվել և ինչպե՞ս արձագանքել
- 2023-ին Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատողների թիվը նվազել է
- 2023թ. ռուսները Հայաստանում 3400 բիզնես են գրանցել
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: