«Տեղեկատվական Տեխնոլոգիաների Ոլորտի Պետական Աջակցության Մասին» օրենքում տարեվերջին կատարվեցին հերթական փոփոխությունները և օրենքով սահմանված արտոնությունների մասնակի երկարաձգվեցին մինչև 2024թ-ի դեկտեմբերի 31-ը: Վերնագրերում տեղ գտավ հենց այն, որ արտոնությունը երկարաձգվում է, մինչդեռ այդ «մասնակի»-ն այստեղ բանալի բառ էր, որովհետև, գործող 2 հիմնական արտոնություններից` շահութահարկի 0% և եկամտայինի հարկի՝ 10%, մնաց միայն եկամտայինի հարկի մասով արտոնությունը։
Գործնականում ի՞նչ է փոխվել ՏՏ Պետական Աջակցության մասին օրենքում
Եթե արտոնություն ունեցող ընկերությունը ունի աշխատակիցներ, ապա այդ մասով արտոնությունը ամբողջությամբ շարունակելու է գործել, իսկ ահա 0 տոկոս շահութահարկը այլևս չկա։ Հետևաբար, հարկային ռեժիմ ընտրելիս արդեն պետք է հաշվի առնել, որ մեծ հավանականությամբ ավելի շահավետ կլինի ընտրել շրջանառության հարկը։
Նախկինում կային բազմաթիվ Ա/Ձ-ներ, որոնք ստանում էին արտոնությունը և գործնականում որևէ հարկ չէին վճարում, քանի որ շահութահարկը, անկախ շահույթի չափից, 0 տոկոս էր, սոցվճարը և դրոշմանիշային վճարները չէին վճարվում, քանի որ հարկվող շահույթ չկար: Հենց այս արտոնությունների պատճառով էլ նախկինում Team2B-ի մեր հաճախորդներին խորհուրդ էինք տալիս գործել հարկման ընդհանուր դաշտում, կամ որ ավելի տարածված է՝ առաջարկում էինք դառնալ ԱԱՀ վճարող:
Այժմ խորհուրդ ենք տալիս ընտրել շրջանառության հարկը, եթե Ձեր փաստաթղթերով հիմնավորված ծախսերը ՍՊԸ-ի դեպքում շրջանառության 72%-ից քիչ են, իսկ Ա/Ձ-ի դեպքում՝ 79%-ից։
Այլապես, իմաստ ունի ընտրել ԱԱՀ-ով աշխատելու տարբերակը, հատկապես եթե Ձեր գնորդները կամ պատվիրատուները ՀՀ ռեզիդենտ ընկերություններ չեն:
Ինչպե՞ս են հաշվարկվելու բիզնեսի հարկերը նոր կարգավորումներով
Նոր պայմաններում շրջանառության հարկ վճարող ընկերությունները վճարում են.
- Ա/Ձ-ն վճարում է՝
– ամսական 10,000 դրամ /5000 շահութահարկ և 5000 սոցվճար/,
– տարեկան 18000-120000 դրամ դրոշմանիշային վճար /կախված շրջանաոությունից/,
– շրջանառությունից /դուրս գրված ինվոյսներից/ 5 տոկոս շրջանառության հարկ։ - ՍՊԸ-ն վճարում է՝
– շրջանառությունից 5 տոկոս շրջանառության հարկ,
– տնօրենի և այլ աշխատակիցների աշխատավարձերից հարկերը,
– 5 տոկոս դիվիդենտից, եթե դիվիդենտ է վճարվում։
Նոր պայմաներով հարկերի հաշվարկը ԱԱՀ վճարողների համար՝
- Ա/Ձ-ն վճարում է՝
– 23% շահութահարկ
– շահույթի 5 տոկոսի չափով սոց վճար, բայց ոչ ավել քան տարեկան 1,050,000 դրամ,
– դրոշմանիշ 18000-120000 ՀՀ դրամ:
Ա/Ձ ների համար 23 տոկոսանոց շահութահարկի դրույքաչափը նույնպես նորություն է, նախկինում այն միշտ հավասար է եղել ՍՊԸ-ների համար սահմանված դրույքաչափին:
- ՍՊԸ-ն վճարում է՝
– շահութահարկ ՝18 տոկոս,
– տնօրենի և այլ աշխատակիցների աշխատավարձերից հարկերը,
– 5 տոկոս դիվիդենտից, եթե դիվիդենտ է վճարվում։
Հարկման ռեժիմի ընտրության կարգը և ժամկետները
Կարևոր է նաև հիշել, որ հարկային ռեժիմը պարտավոր եք ընտրել յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 20-ը ներառյալ։ Եթե բիզնեսը չի լրացնում համապատասխան դիմումը, ապա օրենքի ուժով դառնում է ԱԱՀ վճարող, և այս սխալը մինչև հաջորդ տարի այլևս հնարավոր չէ ուղղել: Սակայն մինչև շրջանառության հարկ վճարողի դիմում ներկայացնելը կարևոր է ստուգել՝ արդյոք կարող եք համարվել շրջանառության հարկ վճարող, քանի որ Հարկային օրենսգրքով սահմանված են մի շարք սահմանափակումներ:
ՏՏ արտոնագրի համար դիմելու ընթացակարգի վերաբերյալ ավելի մանրամասն ներկայացրել ենք այստեղ:
Մինիմալ բաները, որ պետք է իմանալ, այն է, որ Ձեր բիզնեսի շրջանառությունը անցած տարի չպետք է գերազանցած լինի 115 մլն դրամը, իսկ դուք այլ բիզնեսում պետք է 20 % և ավել փայաբաժին չունենաք: Բոլոր սահմանափակումները կարող եք ծանոթանալ Հարկային օրենսգրքի 254 և 255 հոդվածներում:
ՏՏ արտոնությունները կրճատում են, քանի որ չեն հասցնում մշակել դրանք ընդլայնող օրենք
2022 թ-ի վերջում շրջանառության մեջ էր դրվել նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում էր ռազմավարական ուղղություն համարվող ոլորտի ՝ ՏՏ-ի համար ավելի մեծ արտոնությունների սահմանում: Սակայն, այն հիմնավորմամբ, որ ժամանակը քիչ էր, որոշվեց նախկին օրենքը երկարաձգել մեկ տարով, այսինքն մինչև 2023-ի ավարտ, և ժամանակ ունենալ լրամշակել առկա նախագիծը և ստանալ շատ ավելի լավ օրենք: Սակայն 2023-ի ընթացքում չհաջողվեց ստանալ ՏՏ ոլորտի համար արտոնություններ սահմանող օրենքի նոր նախագիծը և նորից որոշում կայացվեց երկարաձգել հինը, բայց հանել դրա կարևոր բաղադրիչը: Հուսանք 2025-ի համար այդ աշխատանքները կավարտվեն և ոլորտը կունենա պետական այնպիսի աջակցություն, որը հայկական ստարտափ էկոհամակարգը իսկապես կդարձնի հարկային դրախտ:
Վլադիմիր Շատվերովը Team2B խորհրդատվական ընկերության հիմնադիրը և տնօրենն է: