Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որի կարողությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը։ Bloomberg-ի տվյալներով՝ Ռոնալդուի ընդհանուր ունեցվածքը կազմում է 1.4 միլիարդ դոլար։
Ֆուտբոլիստը 2025թ․ հունիսին նոր պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ՝ ավելի քան 400 միլիոն դոլար արժեքով, ինչը նրան ընդգրկել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների շարքում։
Bloomberg-ի տվյալներով՝ Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում (2002–2023թթ․) ֆուտբոլային պայմանագրերից վաստակել է ավելի քան 550 միլիոն դոլար։ Բացի այդ, նա ունի տասնամյա համագործակցություն Nike-ի հետ՝ տարեկան մոտ 18 միլիոն դոլար վճարով, ինչպես նաև գովազդային պայմանագրեր Armani, Castrol և այլ բրենդերի հետ, որոնք նրան բերել են շուրջ 175 միլիոն դոլարի լրացուցիչ եկամուտ։
«Ալ-Նասր»-ի կազմում Ռոնալդուն ստանում է տարեկան շուրջ 200 միլիոն դոլար (առանց հարկման)՝ ներառյալ բոնուսները և այլ արտոնությունները։
Համեմատության համար՝ Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 600 միլիոն դոլար (մինչ հարկումը)։ Սակայն նրա վերջին երկու մրցաշրջանների երաշխավորված տարեկան աշխատավարձը կազմում է Ռոնալդուի եկամուտների մոտ տասներորդ մասը։