Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստվում է դիմել OPEC-ին, որպեսզի վերջինս նվազեցնի նավթի գինը․ Թրամփը պնդում է, որ նավթի գնի նվազումը կարող է վերջ տալ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական լայնածավալ գործողություններին։
«Ներկայումս գինը բավականաչափ բարձր է, որպեսզի շարունակեք պատերազմը. դուք պետք է իջեցնեք նավթի գինը և ավարտեք պատերազմը»,- հավելեց նա։
OPEC-ը ներառում է նավթով հարուստ 12 երկրներ, այդ թվում՝ Իրաքը, Իրանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք միասին ապահովում են նավթի համաշխարհային մատակարարման շուրջ 40%-ը։ Այս խմբի ազդեցիկ դիրքը թույլ է տալիս էապես ազդել նավթի գնի վրա՝ մեծացնելով կամ նվազեցնելով մատակարարումը։
Ըստ Թրամփի՝ տնտեսական միջոցառումները, այլ ոչ թե ռազմական աջակցությունը, կարող են հանդիսանալ կոնֆլիկտի լուծման բանալին։
Այդուհանդերձ, Թրամփը նաև առաջարկում է ԱՄՆ-ում նավթի և գազի ներքին արդյունաբերության նոր ալիք սկսել, ինչը կարող է նվազեցնել համաշխարհային գները և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
Հինգշաբթի երեկոյան իր ամենօրյա ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշեց. «Կարևորն այն է, որ չդանդաղենք և ճնշում գործադրենք Ռուսաստանի՝ միակ սուբյեկտի վրա, որը ցանկանում է այս պատերազմը»։
Թրամփի այս հայտարարությունից հետո նավթի գները սկսել են նվազել։ Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 78.42 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0.58 դոլարով (0.73%) ցածր է նախորդ սակարկությունների փակման ցուցանիշից։
WTI նավթի մարտ ամսվա ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) սակարկությունների ընթացքում էժանացել են 0.72 դոլարով (0.95%)՝ հասնելով 74.72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։