Փախուստ միկրոձեռնարկատիրությունից, կամ ինչու այլևս պետք չէ գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Վերջին լուրերը
Փախուստ միկրոձեռնարկատիրությունից, կամ ինչու այլևս պետք չէ գործել միկրոձեռնարկատիրության համակարգում
Հովհաննես Մելքոնյան
Հաշավապահական թիմի ղեկավար Team2B-ում։Հաշվապահական հաշվառման և կազմակերպությունների ֆինանսների էնտուզիաստ։

2023թ. առաջին կիսամյակում հայկական բիզնես միջավայրում սկսվել է մի գործընթաց՝ միկրոձեռնարկատերերը զանգվածաբար տեղափոխվում կամ պլանավորում են տեղափոխվել  շրջանառության հարկի դաշտ, քանի որ նրանց համար նախատեսված հարկման համակարգը կորցնում է իր գրավչությունը, ավելին, դառնում է ավելի անհարմար, քան շրջանառության հարկը:

Ի՞նչն է փոխվել և գերփոքր բիզնեսի համար

Միկրոձեռնակատիրության սուբյեկտները գնալով պակասում են։ Սա պայմանավորված է վերջին 2 փոփոխություններով, որոնք ընդունվել են դեռ անցած տարվա վերջին.

  1. Միկրոձեռնարկատիրության առավելություններից մեկն այն էր, որ աշխատողների եկամտային հարկը 20%-ի փոխարեն 5000 դրամ էր, սակայն 2023թ-ի հուլիսի 1-ից, համաձայն ընդունված փոփոխությունների, միկրոձեռնարկատիրության սուբյեկտների աշխատողների եկամտային հարկը հաշվարկվելու է 20% դրույքաչափով։ Այս մասին փոփոխության ազդեցությունը կարող եք ծանոթանալ այս հոդվածում:
  2. Երկրորդ էական փոփոխությունը այն է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները այլևս չեն ազատվում եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:
- Advertisement -
Փախուստ միկրոձեռնարկատիրությունից, կամ ինչու այլևս պետք չէ գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Այս անմեղ նախադասության հետևում կանգնած է շատ սկզբունքային և էական փոփոխություն, որն էլ միկրոյով աշխատելը դարձնում է շատ բարդ և ոչ ցանկալի:

Առաջին հայացքից ենթադրվում է, որ միկրոձեռնարկատերը պետք է հարկեր գանձի իր աշխատակիցներից և վճարի պետությանը, ինչը նորմալ է: Մի փոքր ավելի լայն մտածելուց կարող ենք ենթադրել, որ ֆիզիկական անձից տարածք վարձակալելիս էլ վարձավճարից պետք է գանձի եկամտային հարկը և վճարի պետությանը:

Շատերը հենց այսպես էլ հասկանում են: Սակայն կա մեկ ավելի կարևոր դեպք, որի մասին վստահ եմ շատերը գլխի չեն ընկնում, դա այսպես կոչված «շուկայից ձեռքբերումներն» են: Երբ բիզնեսը ձեռք է բերում ինչ-որ հումք, ապրանք, նյութեր կամ այլ ակտիվներ, սակայն դրա դիմաց չի ունենում հաշիվ-ապրանքագիր կամ ՀԴՄ կտրոն, ապա պարտավոր է այդ գործարքի համար որպես հարկային գործակալ վճարել 20% եկամտային հարկ: Սա նշանակում է, որ հարկային ստուգման ժամանակ արդեն մեծ ուշադրություն է դարձվելու օգտագործված նյութերի քանակին և արժեքին, քանի որ դրանց ճշգրիտ չհաշվառումը կենթադրի հարկ թաքցնել: 

ՏՏ աջակցության նոր փաթեթ. Ի՞նչ է առաջարկում կառավարությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ

Փոփոխության ազդեցությունը կոնկրետ ոլորտների օրինակով

Վերլուծենք մի քանի գործունեության տեսակ, որոնք ամենատարածված բիզնեսներն են միկրոձեռնարկատիրության դաշտում:

Հանրային սննդի ոլորտը մարզերում հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ու շատ դեպքերում իր գործունեությունը կազմակերպելու համար առանց որևէ հաշվարկային փաստաթղթի տարբեր ձեռքբերումներ է անում, օրինակ՝ գյուղացուց կամ շուկայից միրգ, բանջարեղեն կամ այլ սննդամթերք, որը մի շարք դեպքերում ավելի շահավետ է ու հարմար, քան ինչ-որ կազմակերպությունից ձեռք բերելը: Հուլիսի 1-ից այդ ձեռքբերումների մասով այս բիզնեսները պարտավոր են  հաշվարկել և վճարել 20% եկամտային հարկ:

Մեկ օրինակ ևս՝ ԱՁ-ն զբաղվում է կոշիկի արտադրությամբ, որի հումքը ձեռք է բերում շուկայից կամ այլ ֆիզիկական անձանցից, ում հետ օրենսդրությամբ սահմանված կարգով չի փաստաթղթավորվում ձեռքբերումները։ Այս ձեռքբերումների մասով նա արդեն հարկվելու է 20%-ով:

Այսպիսի օրինակներ կարող եմ շատ բերել, բայց խնդիրը բոլորի դեպքում մեկն է՝ եթե բիզնեսը տարբեր տեղերից մատչելի գնով գտնում էր իր համար անհրաժեշտ նյութերը, ապա հիմա դա չի կարող անել, կամ անելուց այդ ապրանքների գինը իր համար թանկանում է հենց 20%-ով, քանի որ գնման գնին ավելանում է հարկ:

Բիզնեսի համար մեծանում է հաշվապահական հաշվառման համար պահանջվող ծախսը

Եթե միկրոձեռնարկատերը փորձի ճիշտ և օրենսդրության պահանջներին համապատասխան փաստաթղթավորել բոլոր ձեռքբերումները, միևնույն է, դա ապացուցելու համար ստիպված կլինի վարել ապրանքային հաշվառում, որպեսզի կարողանա հիմնավորել ստացված ապրանքների և արտադրության մեջ օգտագործված հումքի քանակները և ապրանքանյութական մնացորդը։ Հանուն արդարության պետք է նշել, որ նման պարտավորություն նա ուներ նաև նախկինում, սակայն դրա չվարելը գործնականում խնդիրներ չէր առաջացնում, քանի որ պոտենցյալ ստուգողի համար դա հետաքրքիր չէր, քանզի դրանից հարկի մեծությունը կախված չէր: Հիմա իրավիճակ է փոխվում, և այդ ամենը ճիշտ հաշվառելու համար հարկավոր է լինելու մի քանի անգամ ավելի մեծ ռեսուրս և ֆինանս, օրինակ՝ ավելի որակավորմած հաշվապահ, հավելյալ ծրագրային ապահովում և այլն։

Ինչո՞ւ  է բիզնեսը «արտագաղթում» դեպի շրջանառության հարկ

Չնայած որ շրջանառության հարկ վճարողները իրենց եկամուտները հարկում են համապատասխան դրույքաչափով /1.5-10%/, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները այդ մասով հարկ չեն վճարում, ամեն դեպքում մի շարք բիզնեսներ, անկախ նրանից, որ կարող են համարվել միկրոձեռնարկատեր, նախընտրում են գործել շրջհարկով, քանի որ միկրոձեռնարկատիրությունում գործունություն ծավալելը այլևս ձեռնտու չի լինում:

Հարկ եմ համարում նշել, որ այս գործընթացը կրում է շարունակական բնույթ: Դեռ 2023 թ․-ի հունվարի 1-ից օրենսդրության փոփոխության արդյունքում՝ միկրոձեռնարկատերերի կողմից գնված ապրանքները կամ ծառայությունները շահութահարկ վճարողների համար նվազեցվող ծախս չեն համարվում (շահութահարկով ծախս չեն), ինչի արդյունքում մի շարք ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, չնայած նրան, որ նրանց թույլատրվում է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իրենց բիզնես կապերը պահպանելու և ընդլայնելու համար նախընտրում են համարվել շրջանառության հարկ վճարող և հարկվել մոտ 5% իրացման շրջանառությունից։

Օրինակ, միջազգային բեռնափոխադրողները, որոնց շրջանառությունը չի գերազանցում տարեկան 24 մլն դրամը, նախորդ տարիներին նախընտրել են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն 2023թ․-ին, որպեսզի կարողանան ունենալ պատվերներ իրենց հաճախորդներից, ստիպված ընտրել են շրջանառության հարկը, քանի որ պատվիրատուները հիմնականում շահութահարկ վճարողներ են, և չեն ցանկանում ծառայություն ստանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտից, քանի որ շահութահարկի առումով ծախս չի, և հավելյալ 18% շահութահարկ է առաջանալու։

Ինչ կարող են սպասել հայկական բիզնեսները ապագայում և ինչ նպատակներ են կանգնած այս ամենի հետևում

Այս ամենը արվում է միայն մեկ նպատակով՝ որ միկրոձեռնարկատիրության դաշտում գործեն շատ սահմանափակ բիզնեսներ, որոնք հիմնականում ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց և իրենց գործունեությամբ չեն խաչվում համեմատաբար խոշոր բիզնեսների հետ: Հետևաբար, եթե միկրոբիզնեսը գործում է կամ պլանավորում է գործել B2B մոդելով, ապա նախընտրելու է անցում կատարել շրջանառության հարկի դաշտ և «կամավոր» չի օգտվելու իր համար սահմանված արտոնություններից: Այս գործընթացի հաջորդ քայլը լինելու է միկրոձեռնարկատիրության ռեժիմի համար նոր սահմանափակումների սահմանումը, շեմի աստիճանաբար իջեցում և այլն:

Ինչպես հասկանում եմ, Կառավարությունը քայլ առ քայլ իրականացնում է իր հայեցակարգային որոշումը, համաձայն որի՝ բիզնեսների մեծ մասը պետք է դադարեն օգտվել հարկման արտոնյալ համակարգերից և անցնեն հարկման ընդհանուր դաշտ:

Հովհաննես Մելքոնյանը Team2B հաշվապահական թիմի ղեկավարն է:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները