ՏՏ աջակցության նոր փաթեթ. Ի՞նչ է առաջարկում կառավարությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ

Վերջին լուրերը

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՏՏ ոլորտի աջակցման նոր փաթեթ, որով առաջարկվում է ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով:

Այսինքն, այն ընկերությունները, որոնց համախառն եկամտի նվազագույնը 80%-ը առաջանում է ՏՏ ծառայությունների արտահանման արդյունքում, կարող են օգտվել նման արտոնությունից: Առանձնացվում է արտահանող ընկերությունները, քանի որ աջակցության այս փաթեթը միտված է փոխարժեքի ռիսկի մեղմացմանը: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ-ում տարիներ շարունակ գործում էր ՏՏ ընկերությունների աջակցման ծրագիր, համաձայն որի արտոնագրված ընկերությունների աշխատակիցների եկամտային հարկը 10% է: Սակայն, սրանից օգտվում են համեմատաբար փոքր ընկերությունները: Իսկ ավելի մեծ ընկերությունները, որոնք համարվում են դուստր կամ ունեն 30-ից ավել աշխատակից, չեն օգտվում այս արտոնությունից: Դեռ 2022թ. վերջին Կառավարությունը, արձագանքելով փոխարժեքի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդունեց որոշում եկամտային հարկի վերադարձի մասին մինչև 95%-ի չափով, կախված տարբեր չափանիշներից: Սակայն, սա շարունակական չէր, և հավանաբար հիմա Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է ավելի ինստիտուցիոնալ և երկարաժամկետ արտոնություն սահմանել:

Ի՞նչ է ՏՏ հավաստագիրը, ինչպե՞ս ստանալ

Արդյո՞ք արդար է նշման արտոնություն տալը

Առաջին հարցը, որ ծագում է հասարակ քաղաքացու մոտ հետևյալն է. չէ՞ որ ՏՏ ընկերությունները ու ծրագրավորողները առանց այդ էլ բարձր եկամուտ ունեն, ու ի՞նչ կարիք կա իրենց մի հատ էլ նման արտոնություն տալ: Փոխարենը կարելի է ավելի խոցելի խմբերին օգնել, կամ արդյո՞ք արդար է, որ հավաքարարի, բանվորի, բժշկի կամ դասախոսի աշխատավարձը հարկվում է չորս անգամ ավելի բարձր:

Իհարկե, այս պնդումն իրավունք ունի գոյություն ունենալու: Սակայն, կա մի առանձնահատկություն: Աշխարհի բոլոր երկրները մշտապես ՏՏ ոլորտին տալիս են մեծ արտոնություններ՝ փորձելով զարգացնել ոլորտը, և ստեղծում են հնարավորինս լավ, կարելի է ասել՝ նույնիսկ դրախտային պայմաններ, որպեսզի տեղական ընկերությունները կարողանան զարգանալ, իսկ հաճելի բոնուս է համարվում, երբ այլ երկրի ՏՏ բիզնեսները գալիս են և գրանցվում տվյալ երկրում:

Սրա պատճառները շատ են: Նախ, ոլորտի արագ աճելու պոտենցիալը, դրական ազդեցությունը տնտեսության մյուս ոլորտների վրա, իսկ իմ կարծիքով, հիմնական պատճառը ոլորտի՝ չափից ավելի մոբիլ լինելն է: ՏՏ-ն միակ ոլորտն է, որը չի ճանաչում սահմաներ, և նույնիսկ չի պահանջում ֆիզիկական տեղաշարժ:

Բիզնեսը տեղափոխելու համար հարկավոր են հաշված օրեր և փաստաթղթերի մի փոքրիկ փաթեթ: Ասածիս վառ օրինակն է ռուսական ՏՏ-ն, որը հաշված օրերի ընթացքում ռելոկացվեց տարբեր երկրներ, շատերն էլ գնահատեցին հայկական արտոնությունների գրավչությունը և ռելոկացվեցին Հայաստան:

Հենց այս հանգամանքն է, որ ստիպում է բոլոր երկրների կառավարություններին առանձնահատուկ ուշադրություն դարձնել ոլորտին և տրամադրել տարատեսակ արտոնություններ:

Հայաստանը լավագույն ստարտափ էկոհամակարգն ունի տարածաշրջանում՝ ըստ StartupBlink-ի

ՏՏ ոլորտի համար լավագույն ժամանակները չեն

Չնայած վերջին շրջանի մեր տնտեսության տպավորիչ աճի տեմպերին՝ հայկական ՏՏ ոլորտը ապրում է ծանր ժամանակաշրջան: Դրա հիմնական պատճառը դրամի կտրուկ արժևորումն է, վերջին մեկ տարվա ընթացքում՝ շուրջ 20%-ով:

Ի՞նչ է սա նշանակում ոլորտի համար: Ծանոթ լինելով ավելի քան 200 տարբեր չափի և տարբեր ուղղվածությամբ աշխատող ՏՏ ընկերությունների ֆինանսական ցուցանիշների հետ՝ վստահ կարող եմ ասել, որ դա կրիտիկական է, և շատ դեպքերում զրոյացնում է այդ ընկերությունների շահութաբերությունը, իսկ պրոդուկտ մշակող ընկերությունների համար, ովքեր ստանում են ներդրումներ իրենց պրոդուկտը ստեղծելու, զարգացնելու և առաջխաղացնելու համար, այն կրճատում է ֆինանսապես կայուն լինելու ժամանակը նույն 20%-ով: Այսինքն եթե ընկերությունը գումար է ստացել, որ մոտ երկու տարի պահի իր թիմը և այդ ընթացքում զարգացնի իր պրոդուկտը, հիմա այդ գումարը բավարարելու է ընդամենը 19 ամիս:

Այս ամենը բերում է մեր տնտեսության ամենաբարեխիղճ և ամենահեռանկարային ոլորտի մրցունակության անկմանը և այս պրիզմայով նայելիս կարելի է հասկանալ և հիմնավորված համարել նախարարության նման նախաձեռնությունը:

Վլադիմիր Շատվերովը Team2B-ի տնօրենն է:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները