OpenAI-ից պաշտոնապես հեռանալուց ընդամենը մեկ ամիս անց OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկվերը բացել է նոր՝ Safe Superintelligence Inc. (SSI) ընկերությունը։
Սուցկվերը, ով երկար տարիներ OpenAI-ի գլխավոր գիտնականն էր, հիմնադրել է SSI-ը, Y Combinator-ի նախկին գործընկեր Դենիել Գրոսի և OpenAI-ի նախկին ինժեներ Դանիել Լևիի հետ:
OpenAI-ում Սուցկվերի ջանքերն ահռելի մեծ դեր ունեին ապահովելու «գերխելացի» AI համակարգերի աճը․ մի ոլորտ, որի վրա նա աշխատել է Յան Լեյկեի հետ միասին, ով ղեկավարում էր OpenAI-ի Superalignment թիմը:
«Մենք նախատեսում ենք հնարավորինս արագ զարգացնել հնարավորությունները՝ համոզվելով, որ մեր անվտանգությունը միշտ ամենաառաջնային տեղում է մնալու։ Այս կերպ մենք կարող ենք խաղաղության հասնել»,- գրել է Իլյա Սուցկվերը:
Հիշեցնենք, որ Սուցկվերը և՛ Լեյկեն լքեցին OpenAI ընկերությունը մայիսին՝ ղեկավարության հետ վիճաբանությունից հետո՝ AI անվտանգությանն ուղղված տարբեր մոտեցումների պատճառով:
Սուցկվերը երկար ժամանակ է, ինչ բարձրացնում էր արհեստական բանականության անվտանգության վերահսկման կարևորության հարցը։ 2023 թվականին Սուցկվերի և Լեյկեի հրապարակած գրառման մեջ գիտնականները կանխատեսում էին, այն, որ տասնամյակի ընթացքում կարող է հայտնվել մարդկանցից բարձր ինտելեկտով արհեստական ինտելեկտ, իսկ երբ դա կատարվի, այն բնավ էլ «բարեսիրտ մեկը» չի լինելու։
Սուցկվերն ու Լեյկեն պահանջում էին վերահսկողության և սահմանափակումների ուղիների ուսումնասիրություն իրականացնել։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: