Հայաստանում էլեկտրոնային առևտրի ծավալների աճին զուգընթաց՝ լոգիստիկ ընկերությունները դարձել են տնտեսության կարևորագույն օղակներից մեկը։ Դա արտահայտվում է նաև այդ ընկերությունների վճարած հարկերի ծավալով։ Իսկ նոյեմբերյան զեղչերի և Black Friday-ի մեկնարկը նշանակում է մեկ բան՝ Հայաստան եկող ծանրոցների հոսքը բազմապատկվելու է։
Ուսումնասիրելով ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ պարզ է դառնում, որ փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցող մասնավոր հատվածն այստեղ ներկայացված է հիմնականում երկու խոշոր ընկերությամբ՝ «Օնեքս» և «Գլոբբինգ»:
Թեև ցանկում մշտապես բարձր հորիզոնականներ է զբաղեցնում նաև ազգային օպերատոր «Հայփոստ»-ը, սակայն վերջինիս գործունեության բնույթը, մասշտաբներն ու պետական մասնակցությունը թույլ չեն տալիս այն ուղիղ համեմատել մասնավոր e-commerce լոգիստիկայի հետ: Ուստի, մրցակցային իրական պատկերը տեսնելու համար դիտարկել ենք միայն վերոնշյալ երկու ընկերությունների ցուցանիշները։
2023 թվականին «Գլոբբինգ»-ը առաջատար էր ոլորտում՝ վճարված հարկերի ծավալով (օրինակ՝ 2023-ի 4-րդ եռամսյակում վճարել էր 577 մլն դրամ հարկ՝ «Օնեքսի» 376 մլն-ի դիմաց)։ 2024-ի ավարտին մրցակցությունը հասել էր գագաթնակետին՝ ընկերությունները հարկային ցանկում հայտնվել էին կողք-կողքի («Գլոբբինգ»-ը՝ 472-րդ տեղում՝ վճարելով 698.5 մլն դրամ, իսկ «Օնեքս»-ը՝ 473-րդ տեղում՝ 697 մլն դրամ)։
2025 թվականին պատկերը փոխվել է. «Օնեքս»-ը բարելավել է իր դիրքերը ցանկում՝ 9 ամսում վճարելով 825 մլն դրամ (320-րդ տեղ)։ Փաստորեն, ընկերությունը ընթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքում արդեն ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ «Գլոբբինգ»-ի ցուցանիշը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է 358 մլն դրամ (768-րդ տեղ)։
Հաշվի առնելով վերջին եռամսյակում ոլորտի գերակտիվության հանգամանքը՝ վերջնական պատկերը տեսանելի կլինի 2025թ․ ամփոփ տվյալներով։











