Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում, հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Դեռ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացում քննարկվել էր հնարավոր համագործակցությունը։
«Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում:
Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռեւ Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը։
Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: NVIDIA, բարի գալուստ Հայաստան!»,- ասվում է գրառման մեջ։