Nvidia-ի բաժնետոմսերի գինն աճել է 5%-ով՝ հասնելով 1224,40 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Այսպիսով, ընկերության շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը։ Բաժնետոմսերի շուկայական արժեքի աճը տեղի է ունեցել ներդրողների կողմից հսկայական պահանջարկի ֆոնին:
Բացի այդ, Nvidia-ն, կապիտալիզացիայով առաջ անցնելով Apple-ից, երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում՝ զիջելով միայն Microsoft-ին։ Ընկերության բաժնետոմսերի արժեքը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է ավելի քան 3224%-ով։
Նախկինում առաջին ամերիկյան ընկերությունը, որը հասել էր 3 տրիլիոն դոլար կապիտալիզացիայի մակարդակին, Apple-ն էր՝ 2022 թվականի հունվարին: Microsoft-ը միացավ նրան 2024 թվականի հունվարին։ Իսկ Nvidia-ն, որը հիմնադրվել է 1993 թվականին, այս տարվա փետրվարին գերազանցել էր 2 տրիլիոն դոլարի նշագիծը, իսկ այդ գումարին ևս 1 տրիլիոն ավելացնելու համար ընկերությունից պահանջվեց երեք ամսից մի փոքր պակաս։ Նշենք նաև, որ կապիտալիզացիայի մակարդակով ընկերությունը Microsoft-ին զիջում է ընդամենը 14 մլրդ ԱՄՆ դոլարի չափով։
Ընկերության ակտիվների արժեքի արագ աճը վերջին տարիներին պայմանավորվում է տեխնոլոգիական արդյունաբերության գրաֆիկական պրոցեսորների նկատմամբ բարձր պահանջարկով, որոնք օգտագործվում են արհեստական բանականության մեծ մոդելներ մշակելու և տեղակայելու համար: Google, Microsoft, Meta, Amazon և OpenAI ընկերությունները ներկայումս միլիարդավոր դոլարներ են ծախսում Nvidia GPU-ների վրա: Գեներատիվ AI-ի բումը, որը մասամբ պայմանավորված էր նաև ChatGPT-ի ժողովրդականությամբ, միայն նպաստեց, որ պահանջարկը հետագայում ավելանա:
Կարդացեք նաև՝
- «Kneron» ընկերությունը թողարկում է ամենավերջին AI չիպերը
- Ներդրումներ ֆուտբոլային ակումբների բաժնետոմսերում. Ֆինանսական գրագիտություն #37
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: