Netflix-ը հայտարարել է Warner Bros. կինոստուդիայի ձեռքբերման մասին՝ 82.7 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում։ Ըստ ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ կնքվել է վերջնական համաձայնագիր, որով Netflix-ի սեփականությանն են անցնում Warner Bros.-ի կինո և հեռուստատեսային ստուդիաները, ինչպես նաև HBO Max և HBO հարթակները։
Այսուհետ այնպիսի հայտնի նախագծեր, ինչպիսիք են «The Big Bang Theory», «The Sopranos», «Game of Thrones» և DC Comics-ի ֆիլմերը, հասանելի կդառնան Netflix-ի կատալոգում։ Netflix-ի գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսի խոսքով՝ միավորելով Warner Bros.-ի դասական և ժամանակակից գրադարանը իրենց սեփական նախագծերի հետ՝ ընկերությունը կկարողանա էլ ավելի արդյունավետ իրականացնել ոլորտում իր առաքելությունը։
Փորձագետները կանխատեսում են, որ Warner Bros.-ի ձեռքբերումը էականորեն կփոխի ուժերի հարաբերակցությունը Հոլիվուդում՝ հօգուտ սթրիմինգային հսկայի, որը մինչ այժմ գերիշխող դիրք էր գրավել առանց նման խոշոր ձեռքբերումների։ Միևնույն ժամանակ, գործարքը հավանաբար կենթարկվի հակամենաշնորհային ստուգման Եվրոպայում և ԱՄՆ-ում, քանի որ այն Netflix-ին է փոխանցում մրցակից HBO Max հարթակի իրավունքները, որն ունի շուրջ 130 միլիոն բաժանորդ։











