Counterpoint Research վերլուծական գործակալության մասնագետները նշել են ամենաշատ վաճառվող սմարթֆոնները։ Զեկույցը հասանելի է ընկերության կայքում։
Հետազոտության համաձայն՝ iPhone 15-ը 2024 թվականի երրորդ եռամսյակում ամենապոպուլյար հեռախոսն է համաշխարհային շուկայում։ Այն ստացել է 3,5 տոկոս մասնաբաժին։ Ամբողջ թոփ 3-ը զբաղեցրել են Apple-ի սարքերը. iPhone 15-ից ներքև տեղավորվել են iPhone 15 Pro Max-ը և iPhone 15 Pro-ն: Տասնյակում ամերիկյան ապրանքանիշի չորս գաջեթ կա։
Ամենաշատ վաճառված Android սմարթֆոնը ցուցակում Samsung Galaxy A15 4G-ն է, որը չորրորդ տեղում է։ Ցուցակում ընդգրկվել են հինգ Samsung սարքեր։ Նաև մեկ սարք՝ Redmi 13C 4G-ն, ներկայացրել է չինական Xiaomi ընկերությունը։
Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ շուկայում ամենահայտնի հեռախոսը iPhone 14-ն էր: 2023 թվականի երրորդ եռամսյակի լավագույն հնգյակում էին նաև iPhone 14 Pro Max-ը, iPhone 14 Pro-ն, iPhone 13-ը և Samsung Galaxy A14 4G-ն:
«Հատկանշական է, որ երրորդ եռամսյակում առաջին անգամ iPhone-ի ընդհանուր վաճառքի կեսը պայմանավորված է Pro տարբերակներով»,- նշում են վերլուծաբանները։ Նրանց կարծիքով, դա նշանակում է շուկայական կողմնակալություն պրեմիում գաջեթների նկատմամբ։