Ֆինանսաբանկային ոլորտը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել հայաստանյան աշխատաշուկայում՝ միջին աշխատավարձի երկրորդ բարձր ցուցանիշով (838,000 ՀՀ դրամ`հարկերը ներառյալ): Staff.am-ի «Աշխատաշուկա 2024» զեկույցի համաձայն՝ աշխատուժի պահանջարկի 29%-ը բաժին է ընկնում այս ոլորտին, իսկ ոլորտում աշխատող մասնագետների թիվը կազմում է 22,844:
Ամենախոշոր և ակտիվ գործատուներն են Ֆասթ բանկը և Արդշինբանկը: Բոլոր ակտիվ գործատուների ցանկում վերջիններս գտնվում են համապատասխանաբար 3-րդն ու 4-րդն են․ առաջինը SoftConstruct ընկերությունն է։ Նախորդ տարի Արդիշինբանկը գերազանցել է Ֆասթ բանկին այս ցուցանիշով։ Ամենաակտիվ գործատուների քսանյակում, բացի բանկերից և ՈՒՎԿ-ներից, այս տարի ներառվել է նաև ոլորտի այլ ներկայացուցիչ՝ Freedom Broker Armenia-ն։
Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքի հնարավորություններն ընդգրկում են բանկային և վարկային գործի, վաճառքի և սպասարկման, տվյալների վերլուծության, ինչպես նաև հաշվապահական ոլորտները:
Ամենապահանջված մասնագիտություններն ու հմտությունները
2024-ին ոլորտի ամենապահանջված մասնագիտությունը բանկային և վարկային գործն է: Առաջնային դիրքեր են զբաղեցնում նաև վաճառքի ու սպասարկման, տվյալագիտության և հաշվապահական մասնագիտությունները:
Փափուկ հմտություններից առավել կարևորվում են ժամանակի կառավարումը, թիմում աշխատելու ունակությունը և բանակցություններ վարելու հմտությունները:
Տեխնոլոգիական պահանջարկ
Ֆինանսաբանկային ոլորտում պահանջարկված տեխնոլոգիաներն են MS Excel-ի խորացված իմացությունը, ինչպես նաև ArmSoft և LSoft ծրագրային ապահովումները։ Ի տարբերություն ՏՏ ոլորտի, այս ոլորտում տեխնոլոգիական հմտությունների պահանջարկը կենտրոնացած է ֆունկցիոնալ ծրագրերի կիրառման վրա։
Չնայած 2024-ի աճի դանդաղելուն, ոլորտը շարունակում է մնալ տնտեսության կարևոր հատված՝ կախված ինչպես ներքին բարեփոխումներից, այնպես էլ տարածաշրջանային քաղաքական և տնտեսական իրավիճակից:
Կարդացեք նաև՝
- 31,848 մասնագետ և 1.1 մլն դրամ միջին աշխատավարձ. ՏՏ ոլորտը 2024-ին
- Ամենաակտիվ գործատուները 2024-ին
- Ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում 2024-ին