«Moody’s» վարկանիշային գործակալությունը 2023թ. հունիսի 22-ին վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն», տեղեկանում ենք ՀՀ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից։
Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ:
Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են՝ պայմանավորված կապիտալի և աշխատուժի ներհոսքի աճով, որոնց մի մասը ակնկալվում է, որ կպահպանվի:
Բացի այդ, վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը կշարունակի կայուն մնալ: Մասնավորապես՝ 2023թ. համար կանխատեսվում է շուրջ 7% տնտեսական աճ, իսկ 2024թ. համար՝ 5-6%:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: