Փետրվարի 10-ին Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական Mistral AI-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) զարգացումը Հայաստանում։
Ըստ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության՝ այս համագործակցությունը նպատակ ունի բարելավել ԱԲ ենթակառուցվածքները Հայաստանում, աջակցել ԱԲ հիմքով բիզնես լուծումներին, կիրառել ԱԲ գործիքներ հանրային կառավարման արդյունավետության բարձրացման համար։
ՀՀ կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային և կարգավորող աջակցություն, իսկ Mistral AI-ը կկիսվի իր փորձառությամբ, կանցկացնի վերապատրաստումներ և կառաջարկի ԱԲ նորարարական լուծումներ։
Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար՝ խթան հանդիսանալով նորարարությանը և տեխնոլոգիական առաջընթացին: Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության և գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգը, նորարարության ոլորտում գործունեություն ծավալողների համար ներդնել արհեստական բանականության հարթակ՝ բիզնես լուծումներ մշակելու համար և աջակցել ԱԲ գործիքների կիրառմանը կառավարման ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու համար:
Mistral-ը արհեստական բանականության առաջատար հետազոտական լաբորատորիա է, որը մասնագիտացած է խոշոր լեզվային մոդելների (LLM) մշակման մեջ: Այն հիմնադրվել է Ֆրանսիայում 2023 թվականին և արագորեն դարձել է Եվրոպայում AI ոլորտի կարևոր խաղացողներից մեկը՝ առաջարկելով բարձր արդյունավետությամբ և հարմարեցվող մոդելներ բիզնեսների ու հետազոտողների համար։