Microsoft-ը հայտարարում է Office 365 էկոհամակարգի խոշոր նորամուծության մասին․ Word-ում և Excel-ում ներդրվում է AI գործակալ՝ նոր ռեժիմ, որը կոչվում է Agent Mode։ Ընկերությունը նոր աշխատանքային մոտեցումն անվանում է «vibe working», քանի որ այն էապես պարզեցնում է փաստաթղթերի և աղյուսակների ստեղծման ու մշակման գործընթացը։
Օգտատերը Word-ում կարող է պարզապես գրել հրահանգ, օրինակ՝ «Ստեղծիր ամսական զեկույց»։ AI գործակալը կվերլուծի տվյալները, կկազմի փաստաթուղթ, կհամեմատի այն նախորդ հաշվետվության հետ և կհամառոտի փոփոխությունները։
Excel-ում հնարավոր է խնդրել, օրինակ՝ «Վերլուծիր իմ ծախսերը և առաջարկիր նոր բյուջե»։ AI-ն ավտոմատ կկազմի աղյուսակներ, կհաշվի հիմնական ցուցանիշները և կառաջարկի գրաֆիկներ ու դիագրամներ։
Copilot Chat-ում նոր Office Agent գործիքը թույլ է տալիս զրույցային միջավայրում տալ բարդ առաջադրանքներ՝ օրինակ՝ «Ներկայացրու էլեկտրոնային առևտրի ոլորտի 5 հիմնական միտումները»։ Գործակալը ոչ միայն կգտնի ու կկազմակերպի տեղեկությունը, այլև ավտոմատ կստեղծի Word փաստաթուղթ կամ PowerPoint ներկայացում՝ պատրաստ օգտագործման։
Ըստ Microsoft-ի՝ Agent Mode-ը հիմնված է OpenAI-ի առաջադեմ մոդելների վրա, որոնք կարողանում են քայլ առ քայլ իրականացնել տրամաբանական գործողություններ՝ ստուգումների ու շտկումների միջոցով։ Բացի այդ, որոշ գործառույթներում օգտագործվում են նաև Anthropic ընկերության AI մոդելներ։ Նոր գործիքը ներկայումս հասանելի է վեբ տարբերակում (Word Online, Excel Online)։ Desktop տարբերակները՝ Windows-ի և macOS-ի համար, կթողարկվեն հաջորդ փուլերում։ Մոտ ապագայում PowerPoint-ի համար նունպես կավելացվի Agent Mode-ը։
Թեստավորումների ընթացքում Excel-ի գործակալը SpreadsheetBench-ում ապահովել է մոտ 57.2% ճշգրտություն, մինչդեռ մարդու միջին ցուցանիշը մոտ 71.3% է։ Սա ցույց է տալիս, որ գործիքը դեռևս պահանջում է օգտատիրոջ վերահսկողություն և հավելյալ ստուգումներ։
Նոր գործիքը մի կողմից արագացնում է փաստաթղթերի և հաշվետվությունների ստեղծումը, թույլ է տալիս նույնիսկ ոչ մասնագիտացված օգտատերերին հեշտությամբ օգտագործել Excel-ի և Word-ի բարդ գործառույթները, գործում է որպես «աշխատակցող գործընկեր»՝ հարցեր տալով և պատասխանները կառուցելով քայլ առ քայլ, ինչպես նաև միավորում է տարբեր AI մոդելների ուժեղ կողմերը։ Միևնույն ժամանակ այն ունի սահմանափակումներ․ հնարավոր են սխալներ և ոչ ճշգրիտ արդյունքներ, անհրաժեշտ է թափանցիկություն օգտվողների համար, գործիքի ներդրումը կարող է փոխել աշխատանքային պրոցեսները, իսկ տվյալների գաղտնիության և տարածաշրջանային հասանելիության հարցերը դեռևս ամբողջությամբ պարզված չեն։
Նոր ռեժիմը հասանելի է Microsoft 365 Copilot օգտվողներին և ընդգրկված է նաև նոր Microsoft 365 Premium փաթեթում։ Ընկերությունը դեռևս չի հայտարարել հստակ ժամկետներ՝ թե երբ այն հասանելի կլինի բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայաստանում։