CNBC-ին տված հարցազրույցում Իլոն Մասկը հեռավար աշխատանքն անվանել է «բարոյապես սխալ հիմարություն»՝ պնդելով, որ դա անարդար է այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կարող աշխատել տնից:
Մասկը, ով Twitter ընկերությունը ձեռք բերելուց հետո արգելել էր հեռավար աշխատանքը, նախկինում էլ է բարձրաձայնել այդ մասին։ Այս անգամ ևս նա պնդել է, որ հեռավար աշխատանքը «կոնտրարդյունավետ» է:
«Ես իսկապես հավատում եմ, որ մարդիկ ավելի արդյունավետ են, երբ աշխատավայրում են: Սակայն սա միայն կատարողականի խնդիր չէ: Կարծում եմ՝ բարոյական տեսանկյունից դա սխալ է։ Պետք է վերջապես ազատվել այդ հիմարությունից (հեռավար աշխատանքից)»։
Նրա խոսքով, շատ մասնագիտությունների ներկայացուցիչներ սկզբունքորեն չեն կարող աշխատել տնից, օրինակ՝ սննդի առաքիչները, շինարարները կամ տները վերանորոգող աշխատողները: Նույնը, նրա կարծիքով, պետք է անեն գրասենյակային աշխատողները, այսինքն՝ աշխատեն իրենց տեղերում։
Անցյալ հունիսին Մասկը հայտարարել էր, որ Tesla-ի աշխատակիցները պետք է վերադառնան գրասենյակ՝ զգուշացնելով նրանց, որ կկորցնեն իրենց աշխատանքը, եթե հրաժարվեն դա անել: Աշխատակիցները պետք է շաբաթական առնվազն 40 ժամ անցկացնեն գրասենյակում:
«Եթե ցանկանում եք աշխատել Tesla-ում, SpaceX-ում, Twitter-ում, ապա պետք է ամեն օր գաք գրասենյակ»,- հայտարարել է միլիարդատերը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: