ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստում հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ:
Նոր փաթեթը նպատակ ունի ստեղծել միասնական և համակարգված մոտեցում կիբեռմիջադեպերի կանխարգելման, արձագանքման և հետևանքների վերացման համար՝ հիմնվելով պետություն-մասնավոր հատվածի սերտ համագործակցության վրա: Փաթեթով կարգավորվում են նաև միասնական թվայնացված միջավայրի ստեղծման և բաց տվյալների քաղաքականության ներդրմանն առնչվող հարցերը:
Այն անցել է երկարատև և բարդ քննարկումների փուլ, որոնցում ներգրավված են եղել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտային միություններ, անկախ փորձագետներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական գերատեսչություններ։
««Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում են կենսական նշանակություն ունեցող ոլորտներն ու կրիտիկական ենթակառուցվածքները՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Սահմանվում են չափանիշներ՝ հիմնված ռիսկերի և ազդեցության գնահատման վրա, ինչպես նաև որոշակի ստանդարտներ, որոնք պարտադիր են պետական կառույցների, հանրային ոլորտի և քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ընկերությունների համար»,- նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ դա չի նշանակում հրաժարվել ազգային ստանդարտների մշակման և ներդրման գաղափարից։
Փաթեթը ներառում է նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է պետական թվային ճարտարապետությունը և տվյալների կառավարման նոր քաղաքականությունը։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել ինքնավար կարգավիճակ ունեցող Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որի անդամներին կընտրի Ազգային ժողովը։
Նախագծերի մշակման գործընթացը անցել է երկարատև քննարկումների փուլ՝ ներգրավելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ոլորտային միություններին, անկախ փորձագետներին, միջազգային գործընկերներին և պետական գերատեսչություններին։