1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների կողմից 2024 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարվել ընդհանուր առմամբ 21,7 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր (թիվը չի ներառում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով` միասնական հաշիվ վերադարձված գումարները), որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 3%-ով։ Ոլորտի կողմից վճարված եկամտային հարկերը, ոլորտի ընդհանուր վճարած հարկերի և տուրքերի 70%-ն է կազմել։
Ոլորտից ամենաշատը հարկեր վճարել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ 1,6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 3,7%-ով։ Ընկերությունը խոշոր հարկ վճարողների ցանկում 35-րդն է, նախորդ տարվա 32-ի փոխարեն։
Հաջորդում է «Էպամ Սիսթեմզ» ընկերությունը՝ 980,5 մլն ՀՀ դրամ վճարած հարկերով և տուրքերով։ Ընկերության կողմից վճարված հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 12,3%-ով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում նա 66-րդն է, նախկին 59-ի փոխարեն։
Ոլորտի 3-րդ ամենաշատ հարկեր վճարողը «Պիկսարտ»-ն է, որը 2024-ի առաջին եռամսյակում վճարել է 934,8 մլն ՀՀ դրամի հարկեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է շուրջ 8%-ով։ Ընկերությունը զիջել է իր դիրքերը ցանկում՝ նախկին 65-րդի փոխարեն այս տարի լինելով 72-րդը։
2023-ի առաջին եռամսյակի ոլորտի առաջատար «ՎիԷմ Արմենիա» ընկերությունը շուրջ 61%-ով ավելի քիչ հարկեր է վճարել 2024-ի առաջին եռամսյակում՝ 665,9 մլն ՀՀ դրամ և խոշոր հարկ վճարողների ցանկում 103-րդն է՝ նախկին 30-րդի փոխարեն։
Ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկատուների ցանկում այս տարվա առաջին եռամսյակում ներառվել են ՏՏ ոլորտի 84 ընկերություններ, իսկ նախորդ տարի նրանց թիվն 76-ն էր։
ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով` միասնական հաշիվ վերադարձված գումարները կազմել են 836,6 մլն ՀՀ դրամ։ Ընդհանուր վճարված հարկերի և միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերությունը կազմում է 20,87 մլրդ ՀՀ դրամ։
Կարդացեք նաև՝
- 2024թ. առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողները. Ցանկը նոր առաջատար ունի
- Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է 5%-ով. 2024թ. մարտ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: