Apple-ը iOS 19-ում ներդնելու է նոր՝ AI կառավարվող էներգախնայողության համակարգ։ Ընկերությունը պատրաստվում է մասշտաբային թարմացման, որը կներկայացվի հաջորդ ամիս կայանալիք WWDC համաժողովի ընթացքում։
Սմարթֆոնների համար նախատեսված նոր iOS 19 օպերացիոն համակարգում ներդրվելու է Apple Intelligence անունով արհեստական բանականության (ԱԲ) հիման վրա ստեղծված էներգախնայողության նոր համակարգ։ Այն կվերլուծի սարքի օգտագործման սովորությունները և կօգնի երկարացնել մարտկոցի ինքնավար աշխատանքը։
Ըստ 9to5Mac-ի՝ Apple-ը նախատեսում է գործարկել AI-ռեժիմ, որը կհավաքագրի տվյալներ՝ օգտագործողների սարքերում մարտկոցների աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև կկրճատի էներգասպառումն այն հավելվածների ու գործառույթների հաշվին, որոնք հազվադեպ են օգտագործվում։
ԱԲ-ն կվերլուծի, թե որոնք են ամենաշատ էներգիա սպառող հավելվածները և կառաջարկի դրանց օպտիմալացման տարբերակներ՝ օրինակ՝ կկրճատի էկրանի թարմացման հաճախականությունը կամ կսահմանի ֆոնային ակտիվության սահմանափակումներ սոցիալական ցանցերում։ Բացի այդ, կողպված էկրանի վրա կհայտնվի նոր ցուցիչ, որը կցուցադրի՝ որքան ժամանակ է մնացել լիովին լիցքավորվելու համար։
Թարմացումը հատկապես կարևոր է լինելու աշնանը սպասվող iPhone 17 Air-ի համար։ Այս մոդելը լինելու է ավելի բարակ, ուստի կունենա փոքրածավալ մարտկոց։ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանն ընդգծում է, որ նոր՝ ԱԲ-ով օպտիմիզացված համակարգը զգալիորեն կթեթևացնի փոքր մարտկոցի ազդեցությունը՝ ապահովելով ավելի երկար աշխատանքի հնարավորություն։ Թեև առավելագույն օգուտը կստանա հենց iPhone 17 Air-ը, նոր հնարավորությունները հասանելի կլինեն նաև այլ մոդելների համար։
iOS 19-ի բոլոր նորամուծությունները պաշտոնապես կներկայացվեն հունիսին՝ WWDC համաժողովի ընթացքում։
Թարմացումը հասանելի կլինի սեպտեմբերին՝ iPhone 17 Air-ի թողարկման հետ միաժամանակ, և այն կաջակցի այն մոդելներին, որոնք համատեղելի են Apple Intelligence համակարգի հետ։