Nvidia-ի բաժնետոմսերը կփոխարինեն Intel-ի արժեթղթերին ամերիկյան Dow Jones ֆոնդային ինդեքսում։ Դա տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ասվում է S&P Dow Jones Indices-ի հաղորդագրության մեջ։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ 2024 թվականին Intel-ի բաժնետոմսերը 54%-ով անկում ապրեցին, նշում է CNN-ը։
Ըստ աղբյուրի՝ Intel-ի բաժնետոմսերը ցույց են տվել Dow Jones-ում ընդգրկված բոլոր ընկերությունների ամենավատ ցուցանիշը, և պարզվել է, որ ամենաէժան արժեթղթերն են ինդեքսի մեջ։
Իր հերթին, Nvidia-ի բաժնետոմսերի գինը մինչ օրս աճել է ավելի քան 170%-ով՝ 2023-ին մոտ 240%-ով ավելանալուց հետո, նշել է CNBC-ն: Աճին նպաստել է ներդրողների հետաքրքրությունը արհեստական ինտելեկտի ոլորտում լայնորեն կիրառվող չիպերի արտադրողի նկատմամբ։
Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, սակարկությունների փակման ժամանակ, Nvidia-ի բաժնետոմսերը Nasdaq-ում վաճառվում էին 136,05 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց՝ աճելով 0.48%-ով: Intel-ի բաժնետոմսերն արժեն 22.52 դոլար՝ նախորդ նստաշրջանի ավարտի համեմատ նվազելով 2.93%-ով:
Ինչպես նշում է CNN-ը, Intel-ը երկար ժամանակ առաջատար չիպեր արտադրող էր, սակայն վերջին տարիներին զիջել էր առավելությունը մրցակից TSMC-ի նկատմամբ և բաց թողել գեներատիվ արհեստական ինտելեկտի բումը մի շարք սխալների պատճառով, այդ թվում՝ OpenAI-ում ներդրումներ կատարելուց հրաժարվելու պատճառով:
2024-ի մարտին Nvidia-ն ներկայացրեց նոր Blackwell GPU-ն, որը հիմնականում նախատեսված է AI-ի զարգացման համար և կարող է երկու անգամ ավելի հզորություն տրամադրել արհեստական ինտելեկտի մոդելների պատրաստման համար՝ համեմատած ընթացիկ սերնդի չիպերի հետ:
Dow Jones-ը ԱՄՆ-ի գործող ամենահին ինդեքսն է և ընդգրկում է ԱՄՆ-ի 30 խոշորագույն ընկերությունները, այդ թվում՝ Apple-ը, Microsoft-ը, IBM-ը, Salesforce-ը և Cisco Systems-ը: Այս ինդեքսը կշռված է ըստ գնի. ավելի թանկ արժեթղթերի գների աճը կամ նվազումն ավելի շատ են ազդում դրա վրա, քան ավելի էժան բաժնետոմսերի գների փոփոխությունները: