Հունվարի 27-ը՝ ոչ աշխատանքային օր․ ԱԺ-ն ընդունեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագիծը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդմ՝ հունվարի 27-ը Հայաստանում պաշտոնապես հռչակվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և լինելու է ոչ աշխատանքային։

Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Օրենքն ուժի մեջ է մտնում անմիջապես. կիրառվելու է այս տարվանից։
Առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել է մեկ առանցքային փոփոխություն։ Ինչպես նշել է Ռուբեն Ռուբինյանը, օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։

Սա նշանակում է, որ արդեն մի քանի օրից՝ 2026 թվականի հունվարի 27-ին, Հայաստանը պետական մակարդակով և ոչ աշխատանքային ռեժիմով կնշի հիշատակի օրը։ Այս փաստը հաստատել է նաև հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը։

Ինչո՞ւ հենց հունվարի 27-ը

Օրվա ընտրությունը խորհրդանշական է և կապված չէ կոնկրետ ռազմական գործողության հետ։ Հիմնական նպատակը Բանակի օրվա (հունվարի 28) հետ տրամաբանական կապ ստեղծելն է։

«Հունվարի 28-ին մենք նշում ենք Բանակի օրը։ Այսպիսով՝ հունվարի 27-ին կհիշատակենք և կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ («Երկնային բանակը»), իսկ հունվարի 28-ին՝ որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք Բանակի օրը («Երկրային բանակը»)»,- պարզաբանել է Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ խուսափել են կոնկրետ ռազմական իրադարձության օր ընտրելուց, որպեսզի հարց չառաջանա՝ «ինչու այս օրը և ոչ մյուսը»։

2026թ․ ոչ աշխատանքային օրերի ցանկը՝ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները