Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։
«Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտափների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու և դրանք Հայաստանում արտոնագրելու համար։ Արված փոփոխությունները և Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար»,- նշել է ՀՀ ԷՆ Մտավոր Սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։
Արտոնագրերին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ Մտավոր Սեփականության գործակալության պաշտոնական կայքէջում։