Ազգությամբ ռուս Կարինան արդեն մեկ ամիս ու քիչ ավելի է ինչ Հայաստանում է: Տնից մինչև աշխատավայր ոտքով հասնում է 30 րոպեում: Մոսկվայում ապրողները կփաստեն, որ սա եթե ոչ գլխավոր, ապա մեծ առավելություն է: Բայց ռուս մեր գործընկերոջը Հայաստանում միայն այս հանգամանքը չի, որ գրավել է: Արևը, սնունդը, քաղաքի կոմպակտ լինելը, հարմարավետությունը Կարինայի համար մի շարք գրավականներ են, որպեսզի նա որոշի մնալ Հայաստանում և այստեղ շարունակի իր կարիերան:
Կարինա Նեկլյուդովան ապրել և աշխատել է Մոսկվայում: Քաղաքական իրավիճակով պայմանավորված, տեղափոխվել է Երևան: Այժմ աշխատում է Codulate ընկերությունում՝ որպես որակի ապահովման ինժեներ:
Codulate-ը ծրագրային ապահովման մշակման ընկերություն է, որը մշակում է մեծ բարդության բիզնես լուծումներ՝ ձեռնարկատիրական հաճախորդների համար ամբողջ աշխարհում: Ծրագրային ապահովման մշակման միջազգային այս ընկերությունն ունի գրասենյակներ Սիլիկոնային հովտում (ԱՄՆ), Հայաստանում (Երևան) և Հնդկաստանում (Չանդիգար): Codulate-ը հաջողությամբ աշխատում է նաև ֆինանսական և բիզնեսի ավտոմատացման ոլորտներում՝ խոշոր ձեռնարկությունների հետ:
Կարինան փետրվարին որպես զբոսաշրջիկ էր Երևանում և մտքի մի անկյունում էր մտածել միայն, թե ինչ հաճելի կլիներ այստեղ ապրել: Մինչև ուժի կմտնեին սանկցիաները և այլ սահմանափակումները, Կարինայի աշխատանքի հայտարարությանը հենց առաջինը արձագանքեցին հայկական Codulate ընկերությունից:
«Մենք գիտենք, որ այս պահին ձեզ համար դժվար է: Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի մասնագետների համար, այս պահին ծանր շրջան է: Մենք ունենք ազատ հաստիքներ և պատրաստ ենք Ձեզ ներգրավել մեր թիմում»,- գրել էին Codulate ընկերությունից:
Կարինային այստեղ դուր են գալիս մարդիկ, հյուրընկալությունը, կլիման, սարերը, ճարտարապետությունը: Մասնագիտության մեջ չի ձանձրանում, գործընկերները նույնպես լավն են, ասում է նա:
Կարդացեք նաև՝ «Ռելոկացիայի» 3 փուլերը, պրակտիկ խնդիրներն ու տնտեսական հետևանքները
Դժվարանում է համեմատել Ռուսաստանի ու Հայաստանի աշխատանքային շուկաները, քանի որ դեռ մեկ ամիս է, ինչ այստեղ է, բայց դրական է համարում այն, որ հայկական ընկերություններն աշխատում են հիմնականում արտաքին շուկայի համար և մասնագետները մշտական կապի մեջ են լինում արտասահմանցի իրենց գործընկերների հետ:
«Ռուսաստանում ընկերությունները ծառայություն են մատուցում հիմնականում ներքին շուկայի համար, դու չես աշխատում ամերիկացիների հետ, դու չես շփվում արտաքին աշխարհի հետ: Չեմ կարող հստակ ասել՝ սա դրական է, թե բացասական, բայց կարծում եմ ավելի շատ լավ է, երբ շփվում ես այլազգիների հետ և տարբեր գործիքներով եք աշխատում:
Մի կարևոր կետ էլ եմ ուզում նշել. այստեղ մարդիկ հանգիստ են աշխատում, այսպես ասած աշխատանքի համար «չեն մահանում», համենայն դեպս ինձ մոտ դեռ այդպիսի տպավորություն է: Ռուսաստանում մարդիկ «զոհում են իրենց հանուն աշխատանքի», այդպիսին է մշակույթը»:
Սուրճ խմելով աշխատելը, գործընկերների հետ շփվելը, Կարինան մեծ առավելություն է համարում: Ըստ նրա, ՏՏ միջավայրը մեր երկրում կայուն տեմպով զարգանում է: Բայց եթե խոսում է Հայաստանում ծրագրավորման մասին, ավելի շատ աութսորսային ընկերություն է պատկերացնում, իսկ Ռուսաստանում իր կարծիքով, ավելի շատ կարելի է հանդիպել յուրօրինակ ընկերությունների, որոնք հիանալի գաղափարներ են ունենում, ռեալիզացնում են և վաճառում:
«Այստեղ ավելի շատ մարդկանց ուղեղի կատարած աշխատանքն են վաճառում, դա վատ չէ, բայց ավելի լավ կլիներ, որ այդ հզոր ուղեղներն աշխատեին Հայաստանի համար և հետաքրքիր գաղափարներ ստեղծեին:
Օրինակ՝ Պիկսարտը, որը ստեղծել է իր պրոդուկտը և հայտնի է ամբողջ աշխարհում»:
Կարդացեք նաև՝ 2022թ. մարտին աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
Միակ բանը, որը մեր հյուրին դուր չի գալիս աշխատաշուկայում, դա ցածր աշխատավարձն է: Ասում է՝ գուցե Հայաստանի համար դա բարձր է, քանի որ համեմատաբար կյանքն էժան է, բայց այստեղի աշխատավարձով Մոսկվայում չես ապրի:
Իսկ ամենամեծ խնդիրը Կարինայի համար լեզվի չիմացությունն է, որոշել է սկսել այբուբենից:
«Մարդիկ մեզ հետ խոսում են մեր լեզվով, բայց երբեմն դժվարություն է առաջանում, երբ ես եմ սպեցիֆիկ բան ուզում բացատրել: Անգլերենը երբեմն չի հերիքում, ռուսերենը նույնպես, իսկ ինձ մոտ հայերենը չի հերիքում: Ստեղծվում է իրավիճակ, որ երեք լեզվով ինչ որ բան ենք խոսում, բայց արդյունավետ չէ: Հենց այդ ժամանակ հասկանում եմ, որ լրիվ ինտեգրման համար անհրաժեշտ է սովորել հայերեն: Մենք շատ հաճախ ենք միջոցառուներ ունենում, գործընկերներս թարգմանում են ամեն ինչ, բայց ամեն դեպում, լեզվային խոչընդոտները զգացել են տալիս»,-ասում է Կարինան:
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում․ ուղեցույց Team2B-ից
«Բարև Ձեզ, ես լավ եմ, դո՞ւ ոնց ես: Եւս մեկ բառ գիտեմ՝ ճնճղուկ (չնչղուկ): Առաջին մեկ շաբաթը տանս թռչուններ էին հայտնվում, ու ես չէի կարողանում բացատրել տան տիրոջը, հետո թարգմանեցին, ու հասկացա, որ դրանք ճնճղուկներ են: Սկզբում խելագարվում էի, երբ չէի հասկանում, թե նրանք որտեղից են հայտնվում, հիմա երբ խնդիրը լուծվել է, երբեմն նույնիսկ ինձ միայնակ եմ զգում (ծիծաղում է):
Կարինան հայ ծրագրավորողներին խորհուրդ է տալիս շատ լավ անգլերեն սովորել: Իր խոսքով՝ գիտեն լեզուն, բայց այնքան, ինչքան իրենց պետք է և այնքան`ինչքան իրենք են օգտագործում:
«Անգլերենի իմացությունն այնքան չէ, որպեսզի պաշտպանեն իրենց որոշումները, կամ այլազգի կոլեգաների հետ քննարկման մեջ մտնեն: Հայ ծրագրավորողներն հիանալի գաղափարներ և որոշումներ են ունենում, բայց չեն կարողանում անգլերեն ներկայացնել և ճիշտ հիմնավորել: Սա խորհուրդս է ոչ միայն հայերին, այլև բոլորին: Շուկան դառնում է համաշխարհային, իսկ միջազգային լեզուն անգլերենն է»:
Կարինան հետ վերադարձի միտք չունի: Սիրում է արևը, մարդիկ հյուրընկալ են.
«В общем, мне здесь все нравится, мне здесь просто подарок и еще, мне нравятся маленькие города, мне здесь комфортно»:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։