Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ հրապարակված տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Շինարարության ծավալը 2025 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 20.7%՝ կազմելով 462 միլիարդ դրամ, իսկ ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 9.9%-ով՝ 2.9 տրիլիոն դրամ։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 686.5 միլիարդ դրամ՝ աճելով 6%-ով։ Առևտրի շրջանառությունը նույնպես աճել է, թեև համեմատաբար փոքր տեմպերով՝ 3.5% կամ մոտ 4.7 տրիլիոն դրամ։
Արդյունաբերական արտադրության ծավալը, հակառակ ընդհանուր միտումին, նվազել է 5.7%-ով՝ կազմելով 2 տրիլիոն 55 միլիարդ դրամ։ Անկումը հիմնականում արձանագրվել է տարվա առաջին կեսին, սակայն հուլիսից սկսած ոլորտը սկսել է վերականգնվել, և սեպտեմբերին արդյունաբերության ծավալը 10.1%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Գների աճը պահպանվել է չափավոր տեմպերով։ Սպառողական գների ինդեքսը 3.3% աճ է գրանցել նախորդ տարվա նկատմամբ։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 103.1%՝ սեպտեմբերին հասնելով 105.9%-ի։ Տարվա ընթացքում գրանցվել են նաև գնաճային տատանումներ՝ որոշ ամիսներին նույնիսկ մեղմ դեֆլյացիայով։
Արտաքին առևտրաշրջանառությունը զգալիորեն կրճատվել է՝ դոլարային արտահայտությամբ նվազելով 39.3%։ Արտահանումը նվազել է 46.8%-ով, իսկ ներմուծումը՝ 33.4%-ով։ Արդյունքում ձևավորվել է զգալի առևտրային դեֆիցիտ՝ ներմուծման ծավալը կազմելով 8.9 միլիարդ դոլար, իսկ արտահանման՝ 5.6 միլիարդ դոլար։ Միաժամանակ, դրամը տարվա ընթացքում արժևորվել է․ հունվարին 397.89 դրամից սեպտեմբերին հասել է 382.83 դրամի մեկ դոլարի դիմաց։
Աշխատավարձերի մակարդակը պահպանել է աճող միտումը։ Մարտին արձանագրվել է տարվա ամենաբարձր ցուցանիշը․ 333,250 դրամ։ Պետական հատվածում առավելագույն ցուցանիշը գրանցվել է հուլիսին՝ 263,530 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ մարտին՝ 374,961 դրամ։
Սեպտեմբերը նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ ևս ցուցադրել է խառը պատկեր. տնտեսական ակտիվությունը աճել է 9.8%-ով, շինարարությունը՝ 6.7%-ով, արդյունաբերական արտադրությունը՝ 5.1%-ով, սակայն ծառայությունների ծավալը և առևտրի շրջանառությունը նվազել են համապատասխանաբար 2% և 1.3%-ով։ Արտահանումը օգոստոսի համեմատ աճել է 11.9%-ով, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 0.3%-ով։











