Հայտնի են համահայկական Innovate Armenia մրցույթի հաղթողները։ Արդեն երկրորդ տարին անցկացված մրցույթին մասնակցելու համար այս անգամ դիմել էր գրեթե 200 հայ նորարար՝ ներկայացնելով ամենատարբեր նախագծեր։
Հայաստանի նորարարական պրոդուկտների զարգացումը խթանող մրցույթի ինկուբացիոն փուլի 70 թիմերից ընտրված 25-ը մասնակցեցին բութքեմփի փուլին ևս, իսկ նրանցից երեքն արժանացան մրցանակների՝ յուրաքանչյուրը 22,500 ԱՄՆ դոլարի չափով:
Հաղթողներն են՝ Astronaut կրթական լաբորատորիան, BALLISTIQ հրաձգության օգնականը և կողոպուտների կանխարգելման անվտանգության համակարգ SafeGround Technologies-ը։
«Innovate Armenia» մրցույթի նպատակն է՝ խրախուսել և աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական պրոդուկտների զարգացումը և միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելը: Մրցույթը նախաձեռնել և իրականացնում է TCF Armenia-ն՝ այս անգամ Helvetas շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ։
«Մեզ համար այս մրցույթը պարզապես դրամաշնորհային ծրագիր չէ։ Սա մտածելակերպի փոփոխություն է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում ծնվող գաղափարները չմնան գծագրերի մակարդակում, այլ վերածվեն իրական, շոշափելի, միջազգային շուկաներում մրցունակ պրոդուկտների։ Յուրաքանչյուր մասնակցի հետ մենք աշխատում ենք ոչ միայն որպես մենթոր, այլ որպես գործընկեր՝ օգնելով հասկանալ շուկան, գնահատել ռիսկերը, կատարելագործել դիզայնը, ձևավորել ճիշտ բիզնես մոդել և կառուցել կայուն արտադրական շղթա։ Innovate Armenia-ն հարթակ է, որտեղ նորարարությունը ստանում է գործնական ուժ, իսկ տաղանդը՝ իրական հնարավորություն դառնալու տնտեսության շարժիչ ուժ։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի ապագան կառուցվում է հենց այսպիսի նախաձեռնություններով՝ երբ գաղափարը դառնում է պրոդուկտ, պրոդուկտը՝ բիզնես, իսկ բիզնեսը՝ միջազգային հաջողության պատմություն», — նշում են կազմակերպիչները։
Մրցույթին կարող էին մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր ամբողջ Հայաստանից։ Սա աննախադեպ հնարավորություն էր մրցույթի մասնակիցների համար՝ համապատասխանեցնելու իրենց գաղափարները միջազգային չափանիշներին, դարձնելու դրանք մրցունակ ամբողջ աշխարհում, հավաքելու գումար նախնական արտադրության համար, ձեռք բերելու կապեր և օգտակար ծանոթություններ։ Անհրաժեշտ էր ներկայացնել գաղափարի նախապատմությունը, պրոդուկտի ամբողջական և մանրակրկիտ նկարագիրը՝ գծապակերներով և հավանական սկետչերով, ինչպես նաև շուկայի ուսումնասիրություն ու զարգացման ծրագիր։ Բնականաբար, պետք էր առանձնահատուկ ընդգծել, թե ինչով է նախագիծն առանձնահատուկ և արժանի վերածվելու իրական ապրանքի։ Ընտրված մասնակիցները անցել են ինկուբացիոն և բութքեմփ ծրագրերով, ինչը լավ հնարավորություն էր գաղափարից դեպի կենսունակ պրոդուկտ հասնելու և իրենց պրոդուկտները մրցույթի եզրափակիչ փուլում ժյուրիին ներկայացնելու։
Հաղթած բոլոր երեք թիմերը կստանան համապարփակ աջակցություն գաղափարի վավերացումից մինչև արտադրություն, ներառյալ՝ մենթորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծում, պրոդուկտը շուկա տանելու աջակցություն, ինչպես նաև նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների և արտադրողների մեծ բազայի հետ։
Ոգեշնչված մրցույթի մասնակիցների ակնհայտ մեծ առաջընթացով և հետաքրքիր պրոդուկտների բազմազանությամբ՝ TCF Armenia-ն բացի հաղթող 3 տեղերի մրցանակներից որոշում է կայացրել, բութքեմփի փուլի բոլոր 25 թիմերի համար անվճար հասանելի դարձնել Prelaunch հարթակի միջոցով շուկայի համապատասխանության ստուգումը, ինչպես նաև տրամադրել նրանց մասնագիտական աջակցություն։ Նաև ողջ տարվա ընթացքում ամիսը մեկ հաճախականությամբ TCF Armenia-ի փորձագետները և ծրագրի մյուս մենթորները միթափ ֆորմատի հանդիպումներ կիրականացնեն բութքեմփի բոլոր մասնակիցների հետ։ Այս ֆորմատը կօգնի նրանց շարունակական աշխատանք տանել պրոդուկտի վրա և առաջ տանել այն դեպի շուկա։












