Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացմանը նպաստելու՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությանը միացել են հայաստանցիներն ու սփյուռքահայերը, ինչպես նաև օտարերկրյա հաջողակ ընկերություններն ու ներդրողները: Գիտնականներ Գարաբեդ Անտրանիկյանը, Մարի Փափազյանը, Նաիրա Հովակիմյանը, Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, երգիծաբան Վահե Բերբերյանը, համաշխարհային ռոք աստղ Սերժ Թանկյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու այլք իրենց հետևորդներին կոչ են արել միանալ FAST-ի նախաձեռնած Advance Armenia Gala անդրանիկ ընթրիք-դրամահավաքին:
Միջոցառումն անցկացվում է գիտնականների աջակցման ADVANCE դրամաշնորհային ծրագիրն ընդլայնելու նպատակով, որի արդյունքում պլանավորվում է առաջիկա տարվա ընթացքում ֆինանսավորել մինչև 50 հայաստանյան գիտնականի: Advance Armenia Gala-ն տեղի կունենա մարտի 31-ին Լոս Անջելեսի The Landmark հանդիսությունների սրահում: Երեկոյի գլխավոր բանախոսը FAST-ի համահիմնադիր, ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանն է:
Շնորհիվ COVID-19 թեստավորման ծառայությունների առաջատար մատակարար ամերիկյան Reliance ընկերության առատաձեռն նվիրատվության, որը հանդես է գալիս որպես «հեռատես» աջակից, ևս երկու հետազոտական նախագիծ կիրականացվի: Ամերիկահայ բարերարներ տեր և տիկին Սարգիս և Նունե Սեպետջյանները, որոնք ներկայացնում են Turbo Wholesale Tires ընկերությունը և ծրագրի «նորարար» աջակիցներից են, իրական կդարձնեն մեկ այլ հետազոտական նախագծի մեկնարկը:
FAST-ը նաև ուսումնասիրում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հետ հետազոտական համագործակցության հնարավորությունը The Promise Armenian Institute-ի միջոցով: Համաշխարհային մակարդակի կրթական, հետազոտական և Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը վերաբերող հարցերի այս եզակի կենտրոնը իդեալական է FAST-ի առաքելության տեսանկյունից:
FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի խոսքով՝ Հայաստանում գիտության զարգացումն անվիճելի անհրաժեշտություն է, և յուրաքանչյուրի ներդրումը հաջողության հասնելու հույս է ներշնչում: «Հայաստանի բարգավաճումն ու կայուն զարգացումը երկրում գիտության և տեխնոլոգիաների աջառընթացի մեջ է: Այդ նպատակով հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի գիտական, նորարարական և տեխնոլոգիական էկոհամակարգի հզորացմանը: Մենք հավատացած ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետևողական ու հանձնառու ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի աջակցել խոստումնալից հետազոտողներին և նորարարներին կյանքի կոչել առաջադեմ, կենսունակ և համաշխարհային մակարդակում մրցունակ լուծումներ: Այս համատեղ ջանքերն անհրաժեշտ են երկրի թռիչքաձև զարգացման համար»,- ասում է հիմնադրամի տնօրենը: Արմեն Օրուջյանը հատկանշական է համարում փաստը, որ Հայաստանի ապագան գիտության ու տեխնոլոգիաների միջոցով վերափոխելու տեսլականը միավորել է տարբեր ծագման մարդկանց:
«Գիտությունն ու տեխնոլոգիան ժամանակակից առողջապահության շարժիչն են, և կլինիկական ախտորոշման ոլորտն օգտվում է այս առաջընթացից: Համաշխարհային համաճարակը ցույց տվեց, թե աշխարհի առողջապահական համակարգը որքան կախված է առանձին երկրների գիտական և տեխնոլոգիական զարգացումից: Մենք բարձր ենք գնահատում FAST-ի տեսլականը Հայաստանն ընկալելու ոչ միայն որպես տարածք, այլ ընդհանուր գիտակցություն, որն անսահման է իր ստեղծարարությամբ ու ռեսուրսներով: Այս մոտեցումը թույլ է տալիս տարբեր անհատներին ու կազմակերպություններին համախմբվել FAST-ի նորարարական նախագծերի շուրջ»,-ասում է Reliance ընկերության գործադիր տնօրեն Ջո Բարնեսը:
«Հայերն ավանդաբար զգալիս ներդրում են ունեցել համաշխարհային գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA) աշխարհի լավագույն հաստատություններից մեկն է տարբեր ոլորտներում: The Promise Armenian Institute-ի միջոցով մենք ունենք մեծ ներուժ ստեղծելու կապեր FAST-ի ծրագրերին մասնակցող հետազոտողների և համաշխարհային մակարդակի գիտնականների հետ՝ համագործակցության և մենթորության նպատակով»,-նշում է բժիշկ, պրոդյուսեր, ձեռնարկատեր Էրիկ Էսրայելյանը:
«Մենք կիսում ենք Հայաստանի ապագան վերափոխելու FAST-ի տեսլականն ու նպատակները և անչափ կարևորում մեր հայրենքում գիտության և նորարարության զարգացումը: Քանի որ գիտական հետազոտությունը նպատակ է հետապնդում ստեղծել նոր գիտելիք և գտնել լուծումներ առկա խնդիրներին, մենք հավատացած ենք, որ այն ճանապարհ կհարթի փայլուն գյուտերի համար՝ նպաստելով նորարար Հայաստանի առաջընթացին», — նշում են տեր և տիկին Սարգիս և Նունե Սեպետջյանները:
Դրամահավաքի ընթացքում տեղի կունենա լուռ աճուրդ, որին ներկայացված են մի խումբ նշանավոր անհատների նվիրաբերած արվեստի գործերն ու հուշանվերները: Աճուրդին մասնակից նմուշները վերաբերում են արվեստի, երաժշտության, կինոյի, սպորտի ոլորտներին՝ ներառելով այնպիսի արժեքավոր իրեր, ինչպիսին են Կազաբլանկայի եզրափակիչ սցենարը, Քլարկ Գեյբլի բնօրինակ ինքնագիրն ու հրապարակային լուսանկարները, Սերժ Թանկյանի և Հենրիխ Մխիթարյանի ինքնագրերով հուշանվերները, ինչպես նաև Գևորգ Ջորջ Քասաբյանի, Էմիլ Կազազի և Ռեբեկա Թոփակյանի գեղարվեստական աշխատանքները:
2020 թվականին FAST-ի կողմից նախագծված ADVANCE դրամաշնորհային ծրագիրն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապերի հաստատմանը՝ հնարավորություն տալով նրանց ձևավորելու նոր խմբեր և աշխատելու միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: FAST-ն ու իր գործընկերները տրամադրում են դրամաշնորհ, որն այս պահին տարեկան 65 հազար ԱՄՆ դոլար է, բայց նախատեսում է այն հասցնել 125 հազար ԱՄՆ դոլարի: Դրամաշնորհը նախատեսված է տեղացի հետազոտողների աշխատավարձերի, լաբորատոր օժանդակ նյութերի, գիտական ամսագրերում հոդվածներ հրապարակելու, միջազգային համաժողովներին մասնակցության, արտասահմանում համատեղ հետազոտական նախագծերում ընդգրկվելու, թիմերը ղեկավարող միջազգային գիտնականների ճամփորդական ծախսերի և դեպի Հայաստան այցելությունների, անհրաժեշտության դեպքում նաև արտոնագրի ծախսերի համար:
Ներկայում ընթացքի մեջ է երեք ծրագիր, առաջինը՝ կենսաինֆորմատիկայի, երկրորդը՝ մեքենայական ուսուցման, երրորդը՝ հաշվողական գյուղատնտեսության ոլորտներում, որոնցում ներգրավված են 13 հայաստանյան և 2 արտասահմանյան հետազոտող:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։