Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը հայտնել է, որ «գործնականում օգտակար» քվանտային համակարգիչները կարող են հայտնվել առաջիկա 5-10 տարվա ընթացքում։ Այս մասին նա ասել է Դուբայում կայացած Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է Bloomberg-ը։
«Քվանտային հաշվարկների (ներկայիս վիճակը) ինձ հիշեցնում է, թե որտեղ էր AI-ը 2010-ականներին, երբ մենք աշխատում էինք Google Brain-ի վրա», — ասել է Պիչայը:
Նա նշել է, որ Google-ը վերջերս խոշոր առաջընթաց է գրանցել քվանտային տեխնոլոգիաներում՝ ստեղծելով Willow չիպը։ Այս նոր չիպով հագեցած սուպերհամակարգիչն ընդամենը հինգ րոպեում լուծել է խնդիր, որի լուծումը մյուս սուպերհամակարգիչներից կպահանջեր «ավելի շատ ժամանակ, քան Տիեզերքի տարիքն է»։
Bloomberg-ը նշում է, որ քվանտային համակարգիչները կարող են բազմակի անգամ արագացնել հաշվարկները, մոդելավորել բարդ համակարգեր, կանխատեսել տարբեր սցենարների ելքերը և կոտրել առկա գաղտնագրային համակարգերը։ Սակայն ներկայումս այս տեխնոլոգիան հիմնականում կիրառվում է հետազոտական նպատակներով։
Ի դեպ՝ հունվարի 8-ին Quantum Computing Inc.-ի և այլ քվանտային հաշվարկներով զբաղվող ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել 19-30%-ով։ Սա տեղի է ունեցել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանի հայտարարությունից հետո, ով նշել էր, որ շուկան քվանտային հաշվարկների նկատմամբ չափազանցված սպասելիքներ ունի։
Կարդացե՛ք նաև.