Հայկական ծագման Fasttoken (FTN)-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով վերջին օրերին շուկայում գրանցված կտրուկ գնանկմանը։ Վերջին օրերին FTN-ի արժեքը նվազել է ավելի քան 50%-ով, ինչը պայմանավորված է մի շարք խոշոր սեփականատերերի կողմից իրենց թոքենների վաճառքներով։ Ընկերությունը շեշտում է, որ նման տատանումները բնական գործընթաց են վիրտուալ ակտիվների շուկաներում, որտեղ գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի ազդեցությամբ։
Fasttoken-ը հավաստիացնում է, որ շարունակում է հավատարիմ մնալ երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը՝ կենտրոնանալով նորարարության, գործնական կիրառելիության և բլոքչեյն էկոհամակարգում լայն տարածման վրա։ Ընկերության գնահատմամբ՝ կարճաժամկետ տատանումները պետք է դիտարկել ավելի մեծ հեռանկարի շրջանակում։
Միաժամանակ՝ Fasttoken-ը հերքել է տարածված պնդումները, թե սեպտեմբերին տեղի են ունեցել զանգվածային «unlock»-ներ (այն գործընթացն է, երբ նախապես արգելափակված կամ սառեցված թոքենները դառնում են հասանելի վաճառքի կամ փոխանցման համար)։ Ընկերության խոսքով՝ նման ապաարգելափակումներ չեն եղել, ինչը ցանկացած օգտատեր կարող է ինքնուրույն ստուգել բլոքչեյնի միջոցով։
Fasttoken-ը նաև շեշտում է, որ հիմնադիրներին հատկացված բաժինը դեռևս փակված է և մնում է Ethereum ցանցի թափանցիկ պայմանագրում։ Այս հանգամանքը, ըստ ընկերության, ապահովում է ամբողջական վստահություն և թափանցիկություն FTN-ի նկատմամբ։
FTN-ի գնի անկումը սկսվել էր սեպտեմբերի 27-ից, երբ փոխարժեքը $4.48 էր։ Նույն օրվա ընթացքում այն նվազել էր մինչև $2.03։ Կիրակիից սկսած փոխարժեքը սկսել է կայունանալ ու սեպտեմբերի 29-ի 18:30-ի դրությամբ կազմում է $2.17։
Ամբողջական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։