Ferrari-ն ԱՄՆ-ում սկսել է կրիպտոարժույթով վճարումներ ընդունել իր մեքենաների համար և նախատեսում է ընդլայնել այս սխեման դեպի եվրոպական երկրներ։ Այս մասին Reuters-ին ասել է Ferrari-ի մարքեթինգի և առևտրի տնօրեն Էնրիկո Գալիերան։
Bitcoin-ի և այլ տոկենների անկայունության և անգործունակության պատճառով առաջատար ընկերությունների մեծ մասը չի ցանկանում առևտրում օգտագործել կրիպտոարժույթը: Դրանց թվում է էլեկտրական մեքենաների հայտնի արտադրող Tesla-ն: Այնուամենայնիվ, ընկերությունն արդեն փորձել է վճարումներ ընդունել բիթքոյնով 2021 թվականին, սակայն Իլոն Մասկը շուտով դադարեցրել է սխեման՝ բնապահպանական մտահոգությունների պատճառով:
Գալիերան նաև ասել է, որ կրիպտոարժույթները սկսել են ջանքեր գործադրել ածխածնի արտանետումները նվազեցնելու համար՝ նոր ծրագրերի ներդրման և վերականգնվող աղբյուրների լայնածավալ օգտագործման միջոցով։ Կրիպտոարժույթով աշխատելու որոշումը կայացվել է ի պատասխան շուկայի և դիլերների խնդրանքներին, քանի որ շատ հաճախորդներ ներդրումներ են կատարել կրիպտոարժույթում: Սրանք երիտասարդ ներդրողներ են, ովքեր իրենց հարստությունը վաստակել են կրիպտոարժույթներով, ինչպես նաև ներդրողներ, ովքեր ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց պորտֆելը:
Ferrari-ն դիմել է ԱՄՆ-ում կրիպտոարժույթի վճարումների խոշորագույն մատակարարներից մեկին՝ BitPay-ին, որպեսզի կնքի գործարքները Bitcoin-ով, Ether-ով և USDC-ով: Ընկերությունը կարող է օգտագործել նաև այլ վճարային համակարգեր տարբեր տարածաշրջաններում: Կրիպտոարժույթով վճարելիս գները չեն փոխվում և միջնորդավճարներ չկան։ BitPay-ը Ferrari-ի դիլերների անունից կրիպտոարժույթով վճարումները կվերափոխի ավանդական արժույթի, որպեսզի նրանք պաշտպանված լինեն գների տատանումներից: ԱՄՆ դիլերների մեծ մասն արդեն գրանցվել է կամ պատրաստվում է գրանցվել այս սխեմայի համար:
Տարեսկզբից Ferrari-ն ԱՄՆ-ում մատակարարել է ավելի քան 1800 ավտոմեքենա: Գալիերան չի հստակեցրել, թե քանի մեքենա է նախատեսվում վաճառել կրիպտոարժույթի միջոցով, բայց նշել է, որ ընկերության պատվերների պորտֆելը ամբողջությամբ ամրագրված է մինչև 2025 թվականը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։