Օրերս համաշխարհային մամուլը ողողվեց լուրերով, որ ծնվել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկի առնվազն 12-րդ երեխան, և լուրը գաղտնի է պահվել հանրությունից։
Երեխայի մայրը Neuralink-ի գործադիր տնօրեն Շիվոն Զիլիսն է, ում հետ միլիարդատերը ևս 2 համատեղ երեխա ունի, գրում է Bloomberg Businessweek-ը։ Մասկն առաջին անգամ է մեկնաբանել է այս լուրերը։
Միլիարդատերը հաստատել է իր 12-րդ երեխայի ծնունդը և նշել, որ փոքրիկի ծնունդը բնավ էլ գաղտնիք չի եղել.
«Ինչ վերաբերում է «գաղտնի ծնունդին», սա սուտ է։ Մեր բոլոր ընկերներն ու հարազատները տեղյակ են։ Միայն այն պատճառով, որ մենք մամուլի հաղորդագրություն չենք հրապարակել, ինչը տարօրինակ կլիներ, չի նշանակում, որ դա գաղտնիք է», — ասել է Մասկը PageSix-ին: Այնուամենայնիվ, նորածնի սեռն ու անունը առայժմ գաղտնի են պահվում։
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Էլոն Մասկը և Շիվոն Զիլիսը երկվորյակների ծնողներ էին դարձել։ Գործարարը նաև երեք երեխա ունի երգչուհի Գրայմսի հետ, և ևս 6 երեխա նախկին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից։
2021 թվականին Մասկը ծնելիության ցածր մակարդակն անվանել է «քաղաքակրթության համար ամենամեծ վտանգներից մեկը»։ 2023-ի դեկտեմբերին, ելույթ ունենալով Իտալիայում կայացած քաղաքական միջոցառման ժամանակ, գործարարն ասել էր, որ «եթե մարդիկ երեխաներ չունենան, նոր սերունդ չի լինի»։ Մասկի խոսքով՝ «ժողովրդագրական կոլապսը» մարդկության առջև ծառացած ամենամեծ խնդիրն է։
Ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար՝ միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին: