Macrohard․ Իլոն Մասկը ստեղծում է Microsoft-ի մրցակցին, որտեղ ծրագրավորողը միայն AI-ն է

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկը՝ Tesla, SpaceX, xAI ընկերությունների հիմնադիրը, հայտարարել է նոր տեխնոլոգիական ընկերության՝ Macrohard-ի ստեղծման մասին։ Այն նախատեսված է դառնալու Microsoft-ի ուղղակի մրցակիցը, սակայն մի կարևոր նրբությամբ՝ առանց մարդկային ծրագրավորողների։ Ընկերության ծրագրային ապահովումն ամբողջությամբ ստեղծվելու է արհեստական բանականության միջոցով։

«Անվանումը հումորով է ընտրված, բայց նախագիծը միանգամայն իրական է», — գրել է Մասկը X հարթակում։ Նրա խոսքով՝ Macrohard-ը լինելու է այնպիսի ընկերություն, որտեղ ծրագրավորման ամբողջ գործընթացը իրականացվելու է միայն արհեստական բանականության գործակալների միջոցով։ Նախաձեռնությունն ուղղակիորեն կապված է xAI-ի հետ, որն արդեն գրանցել է Macrohard ապրանքանիշը ԱՄՆ-ի Պատենտային և ապրանքանիշերի գրասենյակում։

Մասկը նշում է, որ քանի դեռ ծրագրային ապահովում ստեղծող ընկերությունները, ինչպիսին Microsoft-ն է, չեն արտադրում ֆիզիկական սարքավորումներ, դրանց գործունեությունը հնարավոր է ամբողջությամբ վերստեղծել ԱԲ գործիքներով։ Նրա պլանով՝ նոր համակարգում կգործեն հարյուրավոր մասնագիտացված ԱԲ գործակալներ, որոնք կգրեն կոդ, կհասկանան ու կվերլուծեն պատկերներ և տեսանյութեր, ինչպես նաև կկարողանան վերստեղծել մարդու վարքագիծը՝ փորձարկման ու կատարելագործման համար։

Մասկը վստահ է, որ արհեստական բանականությունն ունակ է ստեղծել բարձրորակ գրասենյակային ծրագրեր, որոնք կարող են լրջորեն մրցել Microsoft Office-ի նման լուծումների հետ և ժամանակի ընթացքում նույնիսկ փոխարինել դրանց։ Նա նաև նշել է, որ ընկերությունը նախատեսում է զբաղվել տեսախաղերի մշակմամբ՝ կրկին առանց մարդկային մասնակցության։

Այս ամենի տեխնոլոգիական հենքը լինելու է xAI-ին պատկանող Colossus սուպերհամակարգիչը, որի վրա Մասկը նախատեսում է տեղադրել հազարավոր Nvidia արագացուցիչներ՝ ԱԲ գործակալների արդյունավետ աշխատանքը ապահովելու համար։

Macrohard-ը կարող է դառնալ ծրագրավորման ոլորտում արմատական նոր փուլ սկսող նախաձեռնություն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները