SpaceX-ի և Tesla-ի ղեկավար, ինչպես նաև X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI ընկերության և նրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ՝ պնդելով, որ նրանք խախտել են գործունեության ոչ առևտրային բնույթի մասին պայմանագիրը։ Մասկը պնդում է, որ OpenAI-ի կողմից առաջնահերթությունների փոփոխությունը դեպի առևտրային շահեր, չի համապատասխանում ընկերության սկզբնական նպատակին՝ ստեղծելու արհեստական բանականություն՝ ի շահ մարդկության:
Ըստ Մասկի` Microsoft-ի հետ OpenAI-ի համագործակցությունը ընկերությանը հեռացրել է իր սկզբնական նպատակից՝ ստեղծելու ուժեղ, բաց կոդով արհեստական բանականություն (AGI) ընդհանուր բարօրության համար: Մասկը մեղադրել է OpenAI-ին այն բանում, որ այն դառնում է «փակ կոդով» պրոդուկտ ստեղծող կազմակերպություն, որը առաջնորդվում է շահույթով, այլ ոչ թե տեխնոլոգիան մարդկության օգտին զարգացնելով: Հայցադիմումում թվարկված են մի քանի կոնկրետ պահանջներ՝ պայմանավորվածության խախտում, հավատարմության պարտականությունների խախտում և անբարեխիղճ բիզնես պրակտիկա:
Մասկը պահանջում է, որ OpenAI-ը վերադառնա բաց կոդին և պահանջում է նաև արգելք՝ կանխելու AGI տեխնոլոգիան շահույթ ստանալու նպատակով օգտագործելու համար:
Իլոն Մասկը պնդում է, որ 2023 թվականի մարտին GPT-4 մոդելի թողարկումը OpenAI-ի սկզբունքներից զգալի շեղման սկզբնական նշանն էր։ Ընկերությունը այն հռչակել է որպես AI-ի զարգացման կարևոր փուլ, սակայն այս մոդելը, ի տարբերություն նախորդների, առաջին անգամ փակ էր: Առաջնահերթությունների այս փոփոխությունը, ըստ Մասկի, ծառայում է Microsoft-ի ֆինանսական շահերին և խաթարում է OpenAI-ի՝ շահույթ չհետապնդող կազմակերպության սկզբնական մտադրությունը:
Գործարարը քննադատում է OpenAI-ի տնօրենների խորհրդի ներկայիս կազմը, որն, ըստ նրա, չունի տեխնիկական այն գիտելիքը, որն անհրաժեշտ է AGI-ի զարգացումը պատասխանատու կերպով վերահսկելու համար: Նա մատնանշում է գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի պաշտոնանկությունը և հետագա վերականգնումը որպես շահույթի վրա հիմնված ռազմավարության օրինակ, որը համապատասխանում է Microsoft-ի շահերին:
Մասկը մտահոգություն է հայտնում առևտրային կազմակերպության ձեռքում արհեստական բանականության անվերահսկելի զարգացման հետ կապված հնարավոր սպառնալիքների վերաբերյալ։ Մասկը անհանգստություն է հայտնել, որ առևտրային շահույթի առաջնահերթությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ հանրային անվտանգության և AI տեխնոլոգիաների ապագայի համար:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։