Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը շուտով կպարզեցվի։ Ինչպես հայտարարել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նոր կարգավորումների նպատակն է նվազեցնել ավելորդ բյուրոկրատիան և գործընթացը դարձնել առավել հարմար քաղաքացիների համար։
Ըստ Թունյանի՝ եթե քաղաքացու բոլոր եկամուտները տեսանելի են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համար և ավելացնելու ոչինչ չկա, ապա նա կարող է ընդհանրապես մուտք չգործել համակարգ։ Նոյեմբերի 1-ի վերջնաժամկետից հետո նման դեպքերում հայտարարագիրը կհամարվի ներկայացված՝ ՊԵԿ-ին հասանելի տվյալների հիման վրա, և պատասխանատվություն չի նախատեսվի։
Միևնույն ժամանակ՝ պատգամավորն ընդգծել է, որ եթե հետագայում պարզվի, որ քաղաքացու եկամուտների մասով թաքցված տվյալներ են եղել, ապա գործող օրենքով նախատեսված պատասխանատվությունը կշարունակի գործել։ Թունյանի խոսքով՝ փոփոխությունների փաթեթը շուտով կներկայացվի քննարկման։