Միացյալ Նահանգների Դելավեր նահանգի դատարանը կարգադրել է, որ Twitter ընկերությունը գործարար Իլոն Մասկին լրացուցիչ տեղեկություն տրամադրի սոցցանցում կեղծ աքաունթների մասին, տեղեկացնում է Associated Press News-ը:
Նշվում է, որ դատավոր Քեյթլին Մակքորմիկը որոշել է, որ ընկերությունը պետք է գոծարարին տվյալներ տրամադրի 9 հազար օգտահաշվի վերաբերյալ, որոնք Մասկը եւ նրա ներկայացուցիչները ընտրել էին սոցցանցի աուդիտի համար՝ կեղծ գրառումների հետ կապված։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք տվյալների գնահատականին, որոնք Twitter ընկերությունը թաքցրել է մեզանից շատ ամիսներ»,- պարբերականը մեջբերել է Մասկի ներկայացուցչի խոսքերը։
Ապրիլին Twitter-ի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ Մասկն առաջարկել է ձեռք բերել միկրոբլոգների ցանցը 44 մլրդ դոլարով։ Մայիսին գործարարը հայտարարել էր, որ փորձում է ստանալ տեղեկություն, որը կհաստատեր, որ կեղծ եւ գովազդային տեղեկությունների զանգվածային առաքման համար օգտագործվող գրառումները կազմում են Twitter-ում դրանց ընդհանուր թվի 5 տոկոսից ոչ ավելին։
Հուլիսի սկզբին Մասկի իրավաբաններն ընկերությանը տեղեկացրել են, որ նա հրաժարվում է գնումից։ Հուլիսի 12-ին Twitter ընկերությունը դիմել էր դատարան, գործով պատասխանողներ են համարվում գործարարն ու նրա X Holdings ընկերությունը։
Հուլիսի 29-ին գործարարը Դելավերի դատարան էր ներկայացրել հանդիպակաց հայց Twitter-ի նկատմամբ։ Ինչպես տեղեկացրել է CNBC հեռուստաալիքը, Մասկը դատարանին խնդրել է գաղտնի պահել հայցի մանրամասները։ Խնդրանքի պատճառի մասին չի նշվում։
Դելավեր նահանգի դատարանը հոկտեմբերին լսումներ է նշանակել Twitter-ի գնումից գործարարի հրաժարվելու գործով։ Դատաքննությունը պետք է որոշի, թե արդյոք Մասկը իրավունք ուներ միակողմանի կարգով հայտարարել Twitter-ի հետ համաձայնագրի խզման մասին այն պատճառով, որ սոցցանցի ղեկավարությունը նրան անհրաժեշտ տեղեկություն չի տրամադրել կեղծ աքաունթների եւ գրառումների մասին, որոնք օգտագործվել են զանգվածային առաքման համար:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։