Կոնվերս Բանկը և Globbing ընկերությունը հայտարարել են համագործակցության ընդլայնման մասին՝ ստորագրելով հուշագիր։ Համաձայնագրով ազդարարվել է Globbing-ի պարտատոմսերի առաջին թողարկման և տեղաբաշխման մեկնարկը, որը կիրականացվի Կոնվերս Բանկի հետ համատեղ։ Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և Globbing-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը կարևորել են այս քայլը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։
Globbing-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշել է, որ 10 տարի շարունակ ընկերությունը ոլորտի առաջատարն է Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում։ Պարտատոմսերի թողարկման հիմնական նպատակն է ապահովել բրենդի գլոբալ ընդլայնումը, միջազգային զարգացումը և նոր լոգիստիկ ուղղությունների ստեղծումը։ Նրա խոսքով՝ պարտատոմսեր գնելով՝ ներդրողները հնարավորություն կստանան դառնալու ընկերության միջազգային զարգացման կարևոր մասնակից։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ Կոնվերս Բանկը պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման մեծ փորձառություն ունի և հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր։ Նա հավելել է, որ պարտատոմսերի թողարկումը բիզնեսի համար արդյունավետ միջոց է՝ ընդլայնելու կապիտալը և բարձրացնելու թափանցիկությունը։ Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում թողարկողները հնարավորություն են ստանում օգտվելու պետական սուբսիդավորման ծրագրից։
Globbing-ի ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկը նախատեսվում է դեկտեմբերի 12-ին։ Ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ներդրում կատարել Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով կամ դիմելով Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:











