Գինու հեղինակավոր՝ Concours Mondial de Bruxelles մրցույթը 2026-ին կանցկացվի Հայաստանում

Վերջին լուրերը
Գինու հեղինակավոր՝ Concours Mondial de Bruxelles մրցույթը 2026-ին կանցկացվի Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը կհյուրընկալի գինու հեղինակավոր միջազգային մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles-ը։ Այս մասին պաշտոնապես հայտարարվեց 2025 թվականի հունիսի 10-12-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ինչուան քաղաքում կայացած «CMB 2025» միջոցառման ընթացքում։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանը, ինչպես նաև ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։

Ցերեկույթի ավարտին՝ ձևավորված ավանդույթին համաձայն, Հայաստանի և Չինաստանի ներկայացուցիչները փոխանակվել են դրոշներով, ինչով էլ հանդիսավոր կերպով հայտարարվել է, որ 2026 թվականին մրցույթի հյուրընկալող երկիրը կլինի Հայաստանը։

Concours Mondial de Bruxelles-ը միջազգային խոշորագույն հարթակներից է, որտեղ ամեն տարի շուրջ 370 պրոֆեսիոնալ համտեսողներ գնահատում են 7500-ից ավելի գինի՝ ներկայացված աշխարհի 49 երկրներից։ Արդեն մոտ երեք տասնամյակ անցկացվող այս մրցույթը յուրաքանչյուր տարի տեղի է ունենում այնպիսի երկրներում, որոնք առանձնանում են գինեգործական ավանդույթներով և ոլորտի զարգացման ներուժով։ Նախորդ տարիներին մրցույթը հյուրընկալել են Չեխիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Խորվաթիան և Մեքսիկան։

Հայաստանյան միջոցառման շրջանակում մեր երկիր կժամանեն ավելի քան 400 միջազգային մասնակիցներ՝ գինու բարձր վարկանիշ ունեցող փորձագետներ, սոմելյեներ, ներմուծողներ, գնորդներ, լրագրողներ, բլոգերներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և այլք։

«Գինեգործության ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն, և Կառավարությունը մեծապես կարևորում է այս ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրության բարձրացումը, ներդրումների ներգրավումն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Միջոցառման անցկացումն Հայաստանում կարևոր քայլ է մեր երկրի գինու մշակույթը, պատմությունը և ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ», – նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Իսկ «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանը մրցույթն անվանել է «պատմական պահ Հայաստանի համար»՝ նշելով, որ մեր երկիրն այն կընդունի սիրով, հպարտությամբ և բաց դռներով՝ ողջ աշխարհին ներկայացնելու իր հազարամյա գինեգործական ժառանգությունն ու բացառիկ հյուրընկալությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները