Արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ը ներկայացրել է ChatGPT մոդելի նոր գործառույթ՝ խմբային չաթեր։ Այս թարմացումը ChatGPT-ն դարձնում է ամենաիսկական զրուցարան (messenger)։ Խմբային զրույցների հնարավորությունը հասանելի է բոլոր օգտատերերին` ներառյալ անվճար տարբերակը կիրառողներին։
Միևնույն չաթում կարող են լինել մինչև 20 անձ։ Զրույցի ընթացքում ChatGPT-ն մանրամասն հետևում է ընդհանուր համատեքստին, արձագանքում է այն ժամանակ, երբ իրեն նշում են (mention), ինչպես նաև կարող է ուղարկել մեմեր կամ դնել Էմոջիներ՝ ի պատասխան հաղորդագրությունների։ Այս հնարավորությունը նախատեսված է զգալիորեն պարզեցնելու թիմերի կողմից ԱԲ-ի համատեղ օգտագործումը՝ թիմային աշխատանքը դարձնելով ավելի արագ և կենտրոնացված։
Խմբային չաթերի ներդրումը մեկ քայլով ավելի է մոտեցնում ChatGPT-ին լիարժեք մեսենջերների գործիքակազմին, թեև առայժմ բացակայում է զանգերի կամ տեսազանգերի հնարավորությունը, որը շատ օգտատերեր ակնկալում են տեսնել հետագա թարմացումներում։











