Երևանում կայացած միջազգային PLUS ֆորումի շրջանակում Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիա ՋիԷսՍի-ին (Bank of Georgia JSC) և Ամերիաբանկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի նպատակն է սահմանել կողմերի համագործակցության շրջանակները՝ ուղղված ArcaPay և Բենք օֆ Ջորջիա ակնթարթային փոխանցումների համակարգերի փոխգործունակության ապահովմանը։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա իրականացնել Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ակնթարթային դրամական փոխանցումներ՝ բարձրացնելով վճարային ծառայությունների հասանելիությունն ու արագությունը։
Նախաձեռնությունը միտված է ապահովել երկու երկրների միջև վճարային ենթակառուցվածքների փոխգործելիությունը և ձևավորելու որակապես նոր մակարդակի համագործակցություն՝ ինչպես քարտային, այնպես էլ ոչ քարտային գործարքների ոլորտներում։
Բացի այդ, նախատեսվում է հաստատել host-to-host կապ Arca պրոցեսինգային կենտրոնի և Ջորջիան Քարդի (Georgian Card) միջև՝ հնարավորություն ընձեռելով ապահովել Arca վճարային համակարգի քարտերի սպասարկումը Վրաստանում։ Այս համագործակցությունը հնարավոր է դարձել իրականացնել Ամերիաբանկի՝ փոխհաշվարկային բանկի ակտիվ դերակատարության շնորհիվ, որը կապահովի կողմերի փոխհաշվարկային հոսքերի արդյունավետ և անվտանգ սպասարկումը։











