Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդմ՝ աշխատանքային պայմանագրերի կնքման բացառապես էլեկտրոնային համակարգին անցնելու պարտադիր պահանջը 1.5 տարով հետաձգվեց։
Ինչո՞ւ հետաձգվեց ժամկետը
Հարցը քննարկվեց հրատապության կարգով, քանի որ նախկինում սահմանված ժամկետները (2026թ. հունվարի 1) խնդիրներ էին ստեղծում քաղաքացիների համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ շատերը չունեն նույնականացման քարտեր, ինչն անհնար է դարձնում էլեկտրոնային ստորագրության կիրառումը։
«Շատ քաղաքացիներ չեն հասցրել և ժամանակին ձեռք չեն բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն։ Եվ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց։ Նաև մենք այս տարվա վերջից կունենանք նոր նույնականացման քարտեր, ու այստեղ էլ մի խնդիր էր առաջանում, որ եթե մենք նույնիսկ մոտ 200 հազար քաղաքացու տրամադրենք այդ քարտերը, մենք խնդիր ենք ունենալու հետո նորից վերաթողարկման հետ», — պարզաբանեց նախարարը։
Օրենքի հիմնական կարգավորումները
Նախագծով սահմանվում է, որ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը կգործի անցումային շրջան, որի ընթացքում աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կարող են իրականացվել ինչպես թղթային, այնպես էլ թվային եղանակով՝ ըստ կողմերի հայեցողության։ Պարտադիր թվային գործընթացին անցնելուց հետո էլ աշխատանքային պայմանագրում պարտադիր պետք է նշվեն աշխատողի էլեկտրոնային հասցեն և հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացի է և փաստացի չի գտնվելու Հայաստանում։
Օտարերկրյա քաղաքացիների և փախստականների մասով սահմանվել են հատուկ կարգավորումներ. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո նրանց հետ պայմանագրերը կարող են կնքվել թղթային եղանակով՝ ՀՀ-ում գտնվելու կամ բնակվելու ժամկետով։ Սակայն սահմանվում է պարտադիր պայման, որ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո՝ 3-ամսյա ժամկետում, այդ պայմանագիրը պետք է մուտքագրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ Այն դեպքերում, երբ աշխատանքային հարաբերությունը ծագում է ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ և աշխատանքը կատարվելու է երկրի տարածքից դուրս, թվային համակարգի պահանջը ընդհանրապես չի կիրառվի։
Ընդունված օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Խնդրին ավելի վաղ անդրադարձել էինք «Ֆինանսական բանականության» 19-րդ էպիզոդում։












