Fitch Ratings-ի կանխատեսմամբ ՀՀ բանկերի վարկային ցուցանիշները կշարունակեն ավելի բարձր լինել, քան պատմական միջին ցուցանիշները։ Սպասվում է նաև, որ շահութաբերության, կապիտալիզացիայի, լիկվիդայնության և ներդրումային գործակիցները ևս կմնան միջինից բարձր՝ շնորհիվ Ռուսաստանից կապիտալի և մարդկային ռեսուրսների ներհոսքի։
Fitch Ratings-ը սա պայմանավորում է Հայաստանի ՀՆԱ-ի կտրուկ աճով, որն իրենց գնահատմամբ 2023-ին կազմել է 7,4% (2024-ի համար կանխատեսվում է ՀՆԱ աճի 6%), բարելավված անկախ վարկային պրոֆիլով և ՀՀ դրամի կայունացումով։
Բանկերի շահույթը թռիչքային աճ էր գրանցել 2022-ին, որով պայմանավորված բանկերի կապիտալի եկամտաբերության (նախքան հարկումը) ցուցանիշը կազմել է 28%։ 2023-ին ցուցանիշը նվազել է` դառնալով 17%, որը սակայն շարունակում է գերազանցել 2018-2021 թթ. գրանցած 9%-ը։ Ի տարբերություն 2022-ի, որի ընթացքում բարձր եկամտաբերությունը պայմանավորվում էր ոչ տոկոսային եկամուտներով, մասնավորապես, արտարժույթի փոխանակման գործարքներով, 2023-ին գրանցված բարձր շահույթը պայմանավորվում է ավելի բարձր վարկային տոկոսադրույքներով։
Վարկերի որակի ցուցանիշները նույնպես բարելավվել են: Fitch Ratings-ի դիտարկմամբ՝ հայկական դրամը 2023 թվականի վերջին 16%-ով ավելի ուժեղ է եղել ԱՄՆ դոլարի համեմատ, քան 2021 թվականի վերջում։ Միևնույն ժամանակ, վարկերի բարձր դոլարիզացիան, որը ըստ Fitch-ի ոլորտի հիմնական թույլ կողմերից մեկն է, նվազել է։
Արտարժույթով ճշգրտված ավանդների աճը 2022 թվականին կազմել է 43%՝ ոլորտային վարկեր/ավանդներ հարաբերակցությունը հասցնելով մինչև 82% պատմական նվազագույնի (2023թ. վերջին այն կազմել է՝ 91%)։ 2024-2025 թվականներին Fitch Ratings-ը չի կանխատեսում այս ցուցանիշի էական փոփոխություն՝ պայմանավորելով դա այն հանգամանքով, որ ոչ ռեզիդենտներն այստեղ ունեն վարձակալության և աշխատանքային պայմանագրերով կապեր։ Բացի այդ, նրանց գնահատմամբ, ռուս ներգաղթյալները, կպահպանեն իրենց հայկական բանկային հաշիվները, որպեսզի կարողանան արտարժույթով որոշակի գործարքներ իրականացնել, որոնք սահմանափակված են ռուսական բանկերի դեպքում՝ պատժամիջոցների պատճառով:
Արտացոլելով բանկային հատվածի բարելավված վարկային ցուցանիշները՝ Fitch-ը վերջերս բարձրացրել է ոլորտի գործառնական միջավայրի՝ «b+»-ից մինչև «bb-» և հայկական երեք բանկերի վարկանիշերը՝ ACBA BANK-ի («B+»-ից «BB-»-ի), Evocabank-ի և Հայէկոնոմբանկի (երկուսնն էլ դարձնելով «B+»՝ «B»-ից): Fitch-ը հաստատել է Արդշինբանկի վարկանիշը «BB-»/Stable մակարդակում, որը նույն է, ինչ Հայաստանի սուվերեն վարկանիշը։
2024-ին բանկերի հրապարակած հաշվետվությունների տվյալներով՝ ՀՀ բանկերը ապահովել են 230 մլրդ դրամ շահույթ, որը շարունակում է շուրջ 2,7 անգամ գերազանցել 2021-ի արդյունքներին, սա մեծապես պայմանավորված է եղել արտարժությային փոխարկումներից ստացվող շահույթի աճով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո կապիտալի ներհոսքի արդյունքում։
Կարդացեք նաև՝
- Ինչո՞ւ է նվազել բանկերի շահույթի աճի տեմպը
- «Վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից». Ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ է կարևոր. Ֆինանսական գրագիտություն #34
- Արդշինբանկը հայտարարել է HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ֆինանսաբանկային ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար: