Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային թվային համակարգի միջոցով: Սակայն մինչև այդ, 2025 թվականի հուլիսի 1-ից, այդ համակարգի կիրառումը կլինի կամավոր: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։
Պետական եկամուտների կոմիտեի հարթակում լինելու է հատուկ պորտալ գործատուների համար, որտեղ նրանք պետք է լրացնեն աշխատանքային պայմանագրի պարտադիր դաշտերը։ Գործատուն և աշխատողը փոխադարձ համաձայնությամբ կարող են լրացուցիչ պայմաններ ավելացնել՝ ընտրելով դրանք հարթակում ներառելու կամ առանձին համաձայնագրերով ձևակերպելու տարբերակը։
Պարտադիր դաշտերը լրացնելուց հետո գործատուն դնում է էլեկտրոնային ստորագրություն, ընդ որում գործատուն կարող է այլ անձի լիազորել ստորագրելու իր անունից։ Աշխատողն իր էլեկտրոնային հասցեին ստանում է ծանուցում պայմանագրի ստեղծման մասին։ «Ես եմ» հարթակ մուտք գործելով՝ աշխատողը կարող է ծանոթանալ պայմանագրին և դնել իր էլեկտրոնային ստորագրությունը։ Համակարգը հնարավորություն է տալիս նաև փոփոխություններ կատարել պայմանագրում։
Աշխատանքից ազատման հրամանը նույնպես տրվելու է այս հարթակում։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գործատուները պետք է համակարգում լրացնեն նաև իրենց գործող աշխատողների պայմանագրերը, ովքեր ավելի վաղ են ընդունվել աշխատանքի։ Նոր համակարգի ներդրումը կբացառի օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրերի կնքումը, քանի որ առանց պարտադիր դաշտերի լրացման հնարավոր չի լինի ավարտել գործընթացը։