Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է «ԱԲ սերունդ» և STEP.ai ծրագրերը հասանելի դարձնել Հանրապետության բոլոր դպրոցների համար։ Ըստ գերատեսչության՝ արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրումն ուսումնական գործընթացում անխուսափելի է, ինչի համար արդեն պատրաստվել է համապատասխան ճանապարհային քարտեզ։ Բարեփոխումն ընդգրկում է երեք հիմնական ուղղություն՝ աշակերտների և ուսուցիչների վերապատրաստում, ԱԲ գործիքների կիրառում դասապրոցեսում և ուսուցման մեթոդաբանության վերանայում։
Ծրագրի շրջանակում շեշտը դրվում է կիրառական մաթեմատիկայի, քննադատական մտածողության և բարդ խնդիրների լուծման վրա։ Ակնկալվում է, որ շրջանավարտների մինչև 15%-ը որպես մասնագիտություն կընտրի հենց արհեստական բանականության ոլորտը։ «ԱԲ սերունդ» ծրագիրն արդեն ընդլայնվում է. եթե նախկինում այն ընդգրկում էր 15 դպրոց, ապա այժմ դրանց թիվն անցնում է երկու տասնյակը, իսկ հեռանկարում նախատեսվում է ներառել տասնյակ այլ կրթօջախներ ամբողջ երկրում։ Աշակերտները ոչ միայն սովորում են տեսություն, այլև իրականացնում են գործնական նախագծեր՝ ալգորիթմների մշակումից մինչև հրդեհների մոնիտորինգի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի ստեղծում։
Ուսուցումն իրականացվելու է նաև հիբրիդային ձևաչափով՝ STEP.ai հարթակի միջոցով, որն առաջարկում է առցանց դասընթացներ, վիկտորինաներ և վիրտուալ լաբորատորիաներ՝ տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ։ Նախաձեռնության գլխավոր նպատակն է ձևավորել մի սերունդ, որն ունակ կլինի աշխատել արհեստական բանականության հետ և կիրառել այն երկրի տնտեսության զարգացման համար։












